Tert.am-ը գրում է.

Օբյեկտիվ իրականություն է, որ Քիմ Քարդաշյանը աշխարհի երեք ամենահայտնի հայերից մեկն է, և նրա այցելությունը համաշխարհային լայն զանգվածների համար Հայաստանը որպես երկիր ճանաչելի բրենդ դարձնելու նպաստավոր առիթ է: Tert.am–ի հետ զրույցում հայտնեց PR մասնագետ Վիգեն Հակոբյանը։

«Ես համարում եմ, որ մենք բոլոր առիթները պետք է օգտագործենք  Հայաստան բրենդը աշխարհով մեկ տարածելու համար, ես նույնիսկ ապրանքանիշերի մասին չեմ ասում, ես Հայաստան երկրի մասին եմ ասում, որ ամեն միջոցով ճանաչելի դարձնենք, այդ թվում PR–ի միջոցով: Եվ շատ հայտնի հնարք է, երբ դա արվում է շատ հայտնի մարդկանց միջոցով։ Հիշենք օրինակ, որ Քլունին է գալու կամ նույն Քիմ Քարդաշյանը շատ հարմար են, որ մենք մեր նպատակներին հասնենք»,– ասաց նա:

Վիգեն Հակոբյանի  ամփոփմամբ` Հայաստանը որպես բրենդ աշխարհի լայն զանգվածների մոտ համաշխարհայնացնելու համար բավական է, որ Քիմ Քարդաշյանի հայտնիության անձը մեկ անգամ լուսանկարվի Գառնի-Գեղարդում կամ Սևանում և  մի քանի վայրկյան անց աշխարհում մոտ 100-150 միլիոն մարդ կիմանա Հայաստանի մասին, որի գոյությունը շատերի համար որպես այդպիսին ուղղակի նորություն լինի:

Քաղտեխնոլոգը հավելեց, որ այս դեպքում շատ նպաստավոր է, որ պետության, իր` Քիմ Քարդաշյանի և Հայոց ցեղասպանությունը միջազգայնացնելու PR շահերը համընկնում են: Վիգեն Հակոբյանը նաև կարծում է, որ այցի որպես ածանցյալ հետևանք հետագայում կարող է լինել տուրիզմի զարգացման խթանումը:

«Այս մի այցը Հայաստանի տնտեսությունը չի զարգացնելու, բայց դրանից հետո   Հայաստանը որպես բրենդ հայտնվում է միլիոնավոր մարդկանց տուրիստական  քարտեզներում: Որովհետև, մենք ուզում ենք, թե չենք, ուզում, բայց դա այդ զանգվածի համար կարող է ոչ թե Հայաստան երկիր լինել, այլ Քարդաշյանի երկիր»,- նշեց նա։

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ Հայաստանում ցանկացած երևույթ և գաղափար բուռն քննարկման առիթ է դառնում։

Նշենք, որ Քիմ Քարդաշյանի այցելությունը համացանցում հայ օգտատերերին բաժանել է երկու պայմանական բանակների՝ Քիմ Քարդաշյանին «կողմերի»  և «դեմերի», որոնցից առավել առանձնանում է շոումեն Գարիկ Պապոյանը։

«Բարի գալուստ Քիմ Քարդաշյան` կին, ով իր ամբողջ կյանքով եղել է «իսկական» հայ կնոջ մարմնավորում, ով միշտ բարձր է պահել հայկական արժեքները` երբեք բիծ անգամ չքաշելով ավանդական հայ կնոջ կերպարի վրա ... Չգիտեմ ... երևի նման «փառքի» չարժանանալու պատճառը էն ա, որ մարդիկ կան, որ որոշել են դուրսը «պոռնո»  նկարելու փոխարեն իրենց երկրում մարդկանց ուրախացնեն ... Դե ինչ, սիրելի փսևդո-հայրենասերներ, երկար ժամանակ լուռ նստած էիք, եկավ այդ պահը, վեր կացեք խանութից մի 30կգ աղ առեք, մի 90 հատ էլ մատնաքաշ ու վազեք օդանավակայան Քիմ Քարդաշյանին աղ ու հացով դիմավորելու»,– գրել է նա:

Քիմ Քարդաշյանին պաշտպանողներ  մոտավորապես նույն տրամադրություններ են արտահայտում, ինչ Վիգեն հակոբյանը։ Օրինակ՝ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, որը հարցին նայելով պրագմատիզմի տեսանկյունից, գրում է, թե անկախ նրանից, թե Քարդաշյանը լավն է, թե վատը, նա բայց ինքն իրա մեկ արտահայտությամբ, ցավոք, շատ ավելին կարող է անել, քան օրինակ՝ ԱԳՆ-ն և մի շարք այլ կառույցներ իրար հետ վերցրած:

«Այդ թվում մի շարք ԱՄՆ կոնգրեսականներ, որոնց վրա միլիոններ են ծախսվում: Միայն «Ինստագրամ»–ում Քիմն ունի 20 մլն հետևորդ, մի այդքան էլ «Ֆեյսբուքում» և «Թվիթերում» ցանցերում, դե հիմա պատկերացրեք էս մի քանի օրվա մեջ աշխարհում քանի հոգի լսեց ընդհանրապես ու իմացավ Armenia փաստի մասին ու կիմանա, ի դեպ։ Ամեն ինչ ծայրահեղությունից ծայրահեղություն է մեր մոտ. կա՛մ աշխատակազմին ենք աղուհացով դիմավորում, կա՛մ ասում ենք՝ «գալիս ա ինչ անի»,– գրել է նա:

Օգտատեր Նարեկ Մալյանը, ով նաև PR մասնագետ է, գրում է.«Գրագետ PR-ը սկսվեց: Հարմար տեղավորվեք բազմոցներին ու ժպտացեք հայեր... ամբողջ աշխարհը հիմա ձեզ է նայում»:

ԵՊՀ սոցիոլոգիական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նոնա Մեքոնյանը այս առնչությամբ Tert.am–ի հետ զրույցում ասաց, թե նորություն չէ այն, որ Քարդաշյանի այցելությունը դարձավ թոփային՝ որպես PR լեզվով ասած՝ «սելեբրիթի», բայց այցելությունը ծածկեց երկրում տեղի ունեցող շատ ավելի մեծ կարևորության իրադարձություններ:

«Մենք օրինակ` սահմանի վրա դարձյալ մահ ունեինք, սա ուղղակի երեկ կորավ լրահոսում, ներքաղաքական խնդիրներ ունեինք, դարձյալ կորավ»,- ասաց նա:

Քիմ Քարդաշյանի այցելությունը հայաստանյան կայքերին տասնյակ հազարավոր դիտումներ ու like–եր է ապահովում` «մթագնելով» տեղական լրահոսը: Մեդիա ոլորտի անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր  ՖԲ էջում օրինակ` այս կապակցությամբ հեգնում  է.«Ով է հիմա հիշում Նախախորհրդարանի մասին: Ադոլֆ Հիտլերը Քիմ Քարդաշյանի Լեհաստանին այցից հետո»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել