1in.am-ը գրում է.
Ֆրեզնոյի կենտրոնում գտնվող ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի տունը, որտեղ նա ապրել է իր կյանքի վերջին 17 տարիները, կվաճառվի մայիսին կայանալիք աճուրդում։ Այս մասին գրում է fresnobee.com-ը:
Cooper Middle School-ից արևմուտք ընկած 2729 W. Griffith Way փողոցում գտնվող հասարակ ծածկով տունը 1981թ. Սարոյանի մահից ի վեր ունեցել է 3 տարբեր սեփականատերեր ու գրավադրվել երկու անգամ:
Հարևան Էռնի Բաքան ասում է, որ տունը մի քանի տարի վարձով է տրվել:
Այսօր տունը, որտեղ ապրել է «Օսկար» ու Պուլիտցերյան մրցանակներ ստացած գրողը, դատարկ է, պատուհանները՝ փայտերով մեխված, իսկ դռան վրա կախված է ցուցանակ գրավադրման մասին:
«Տխուր է տեսնել տունը վատ վիճակում ու չխնամված: Միստր Սարոյանը Ֆրեզնոյի խորհրդանշական, պատմական անձնավորությունն էր: Ես հպարտություն եմ զգում, որ ապրել եմ նրա կողքին»,- ասում է Բաքան, որը 3 տարեկան է եղել, երբ Սարոյանը տեղափոխվել է՝ ապրելու իրենց հարևանությամբ:
Փոքր, 1.228 քառակուսի ոտնաչափ ունեցող տունը կառուցվել է 1964թ.: Այն ունի 3 ննջարան և 1 լոգարան:
Տունը ձեռք բերելուց հետո Սարոյանը տան շուրջը տնկել է պտղատու ծառեր՝ պատմում է Բաքան՝ կատակով ավելացնելով, որ երբ Սարոյանը գնում էր տանից, իրեն 30 դոլար էր տալիս՝ ծառերը ջրելու ու մոլախոտերը վերացնելու համար:
Բաքան հիշում է, որ Սարոյանը նաև իրեն նվիրել է իր գրքերից:
Սարոյանի տունը գրանցված է Ֆրեզնոյի պատմական ռեսուրսների ռեգիստում: 1989թ. տեղադրվել է ցուցանակ, որում թվարկված են այդ տանը ստեղծագործելու տարիներին գրված Սարոյանի 10 աշխատանքներից կտորներ:
Տունը աճուրդի կդրվի մայիսի 5-ին՝ County Courthouse-ում:






