Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama-ն զրուցել է երգչուհի եւ հաղորդավարուհի Նելլիի հետ վերջին շրջանում երգարվեստում նրա դադարի, մերօրյա հայկական շոու բիզնեսի լավ ու վատ կողմերի, Հայաստանից հեռանալու եւ նրա հեռուստատեսային աշխատաքնի մասին:
Զրույցի ընթացքում երգչուհին վստահեցրել է, որ նա չի հեռացել երգարվեստից, այլ պարզապես դադար է տվել եւ շուտով իր հանդիսատեսին նորովի կներկայանա. «Արդեն ունեմ երկու նոր երգ, որոնք շուտով կարող են լսել իմ երկրպագուները»,- նշել է Նելլին: Միաժամանակ երգչուհին չի թաքցրել, որ հայկական շոու բիզնեսի մասին այնքան էլ լավ կարծիք չունի. «Այն, որ շուկան շատ փոքր է եւ բիզնես չկա, կարող են համաձայնել ինձ հետ անգամ այն արտիստները, ովքեր հիմա ակտիվ են գործում»,- նշել է Նելլին ու հավելել, որ հայկական շոու բիզնեսի ոչ կատարյալ լինելուց չի սրտնեղում., քանի որ ինքը պատասխանատու է սեփական որակի համար.«ՙՙԵրբ հանդես գամ նոր աշխատանքով, դա կլինի գեղեցիկ գործ, քանի որ իմ տարիների աշխատանքը թե՛ «Հայեր» խմբում, թե՛ միայնակ, ապացուցել է, որ ես որակի կողմնակից եմ»,- շեշտել է Նելլին:
Խոսելով Հայաստանից հեռանալու եւ դրսում իր արվեստը զարգացնելու մասին՝ երգչուհին նշել է, որ հրավերներ շատ է ունեցել ու ժամանակին էլ «Հայեր» խմբով պատիվ է ունեցել Գերմանիայում ապրել ու աշխատել, ինչի շնորհիվ իր խոսքերով, մեծ փորձ է ձեռք բերել, բայց հիմա նման մտադրություն չունի:
Նելլին հայտնել է նաեւ, որ «Լայմ» հեռուստաալիքի այլեւս չգործելու պատճառով, շուտով իր հեռուստատեսային ծրագրերով հանդես կգա մեկ այլ հեռուստաալիքում, եւ այս ասպարեզում իր հեռուստադիտողին երկար սպասեցնել չի տա:
Իսկ վերջում այն հարցին, թե երգչուհին չի պատրաստվում արդյոք 2-ամյա դստերը քույր կամ եղբայր նվիրել, Նելլին պատասխանել է. «Իհարկե, ես մեծ սիրով պատրաստվում եմ առաջիկայում կրկին մայրանալ եւ դա կլինի այն ժամանակ, երբ Աստված կամենա»։



