
Doctors.am-ը գրում է.
Կլինիկական դեպրեսիան կարող է արագացնել ծերացման գործընթացը բջիջներում և ստիպել, որ մենք մեզ ավելի մեծ զգանք, քան մեր իրական տարիքն է:
Այդ նշանները երևում են քրոմոսոմի տելոմերների հատվածների վրա: Տելոմերի երկարության կրճատումը չի կարող պայմանավորվել այլ պատճառներով, ինչպիսին օրինակ` ծխելն է:
Molecular Psychiatry ամսագիրը հրապարակել է այս հետազոտության արդյունքները:
Գիտնականներին արդեն շատ վաղուց հայտնի է, որ կլինիկական դեպրեսիայով տառապող մարդիկ ավելի հաճախ են հիվանդանում այնպիսի տարիքային հիվանդություններով, ինչպիսիք են քաղցկեղը, շաքարախտը, սիրտ-անոթային ախտահարումները և այլն:
Դա մասամբ բացատրվում է դեպրեսիայով տառապող հիվանդների պահվածքով, ովքեր հաճախ դրսևորում են հակվածություն ալկոհոլիզմի կամ ֆիզիկական իներտության նկատմամբ:
Սակայն գենետիկները կասկածում են, որ դեպրեսիան անմիջականորեն ազդում է մեր բջիջների վրա:
Տելոմերի երկարության կրճատում
Այս հետազոտության իրականացման համար Ամստերդամի Բաց Համալսարանից Ջոնսին Վերխովենը համագործակցել է ԱՄՆ-ի իր գործընկերների և 2407 կամավորների հետ:
Հետազոտության մասնակիցների ավելի քան 1/3-ը տվյալ պահին տառապում էր կլինիկական դեպրեսիայով, 1/3-ը տառապել էր անցյալում, իսկ մյուս մասը երբևէ նման խնդիր չէր ունեցել:
Կամավորները հանձնել են արյան անալիզ, որպեսզի ստուգվի նրանց բջիջների ծերացման աստիճանը:
Հետազոտողներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել քրոմոսոմի վերջին հատվածի՝ տելոմերի փոփոխության վրա: Կյանքի ընթացքում տելոմերի բջիջների կիսումը թվով նվազում է, ինչն էլ օգնում է պարզել կենսաբանական ճշգրիտ տարիքը:
Հետազոտությունը պարզել է, որ այն մարդիկ, ովքեր երբևէ տառապել են կլինիկական դեպրեսիայով, ունեն բավական կարճացած տելոմերներ: Եվ ինչքան խորն է լինում դեպրեսիան, այնքան ավելի կարճ է լինում տելոմերը:
Դոկտոր Վերխովենը նշում է, որ այս մեծամասշտաբ հետազոտության միջոցով վստահորեն կարելի է հայտնել, որ դեպրեսիան արագացնում է կենսաբանական ծերացման գործընթացը: Դեռևս անհայտ է, թե դեպրեսիան ի՞նչ ազդեցություն ունի կյանքի երկարության վրա և արդյո՞ք այն դառնալի պրոցես է, թե ոչ:
Բրիտանացի գենետիկ Աննա Ֆիլիպսը գտնում է, որ այդ հետազոտության արդյունքներն այդքան էլ հավաստի չեն: Նա ենթադրում է, որ այն իրական է միայն ծանր կլինիկական դեպրեսիայի և ոչ միջին ու թեթև դեպրեսիաների դեպքում: