Տեսնես հեռու՞ է էն ժամանակը, երբ Քարդաշյանի այցի կապակցությամբ վայնասուն դրած ու արժեքա-բարոյա-խոհա-փիլիսոփ
Ներկա անցքերի լույսի ներքո պարզ երևում են գավառամտության խայտաբղետ փաղանգները, որոնց շարքերում ում ասես կտեսնես։ Կտեսնես իրենց քրիստոնյա համարողների, ում քրիստոնեական ինքնությունը լավագույն դեպքում սահմանափակվում է «Հայր մեր»-ի իմացությամբ, ովքեր սակայն վարդապետության ամենահիմնարար ու ամենապարզ պատգամների ըմբռնումից հեռու են նույնքան, որքան ականջները բերանից։ Կտեսնես չինովնիկների, ովքեր իրենց ազգականին մի քանի շաբաթով հարկատուների փողերով «Արի տուն» ծրագրերով Հայաստան բերել, ման տալու համար ամեն ինչ կանեն, բայց իր հաշվին «Տուն եկած»-ի տուն գալու իրավունքը վիճարկում են խորհրդարանի բեմերից։ Կտեսնես իրենց ֆեմինիստ հայտարարողների, ովքեր էդ բառի իմաստն էլ կարգին չեն հասկանում, բայց կնոջ մարմնի ազատագրման գործում մեծ դեր խաղացած հայրենակցի մասին խոսում են «կարմիր խնձորի» բառապաշարով։ Կտեսնես պարզապես նախանձների, ում բոլոր ժամանակների երկրպագուների միացյալ բանակն իրենց ինքնությունը կրող Քարդաշյանի երկրպագուների մեկ հազարերորդը չի կազմում անգամ։ Կտեսնես պարզապես կեղծ բարոյախոսների, ովքեր պատանի տարիքում ավտոբուսներում ու մարշրուտկաներում աշխատում էին քսվել պատահական ուղևորուհիների էն բանին, ինչով էնքան աչքի է ընկնում Քիմը։ Կտեսնես պարզապես քաղքենիների, որոնք ասում են էն, ինչն էդ պահին ուզում է լսել դիմացինը։
Էս է իրականությունը. կասկածելի շնորհով դերասաններ ու ռեժիսորներ, որոնք փնովում են ոչ պակաս կասկածելի դերասանների ու ռեժիսորների աշխատանքն ու պահանջում օրենքով կարգավորել, թե կասկածելի շնորհով որ դերասաններն ու ռեժիսորներն իրավունքն ունեն ստեղծագործել։ Ֆրեյդը կասեր՝ կասկածելի բարոյականությամբ ու քամակով հազարավորներ, որոնք փնովում են իր արժեքներն ու բարեմասնությունները չքողարկող ՄԵԿ կնոջը։
Ոնց չհիշես Մալյանի հրաշք ֆիլմը, որի երեք հերոսուհիները ոտից գլուխ շուռ տվին գավառական քաղաքի կյանքը... Մազալու փաստ՝ «Կտոր մը երկինքն» ու Քիմ Քարդաշյանը 1980 թվի ծնունդ են... Ո՞նց չհիշես նաև Ֆրիդրիխ Դյուրենմաթի «Տարեց տիկնոջ այցն» (Der Besuch der alten Dame) ու դրա հերոսուհուն՝ Կլեր Ցախանասյանին...
... Մեկ էլ՝ եթե Հայաստան այցելեր Նորին Բրիտանական Մեծություն Թագուհին՝ անբարոյական Վինձորների տան մեծ տիկինը, կասկածելի բարոյականության ու քամակի տեր տիկնոջն ընդունելու ու հանդիպելու համար հերթի կկանգնեին Նախագահից մինչև պատգամավոր... Մինչդեռ ցեղասպանության միջազգային ճանաչման համար յուրաքանչյուրիցս ավելի շատ բան արած (կարող եք իշխան Համլետի պես բոռալ, թե՝ «այդ ես էլ կանեմ», բայց դրանից իրականությունը չի փոխվի), ներկայում ապրող բոլոր հայերից առավել հայտնի (անկախ նրանից՝ դուր է գալիս այս գրեթե գիտական փաստը ձեզ, թե ոչ), իրեն հայ համարելու իրավունք յուրաքանչյուրիցս ոչ պակաս ունեցող ու հայի բարդ ինքնությունը կրող գերաստղին ընդունել-չընդունելու խնդիրը գորշ մեծամասնությունը քննարկում է մեծ ոգևորությամբ... Հիշում եմ, նույնը ժամանակին ասում էին Ազնավուր մասին (շանսոնյե ա էլի, ով ա ինքը, որ պտի...)
© Աշխարհն ինձ հասարակաց կին դարձրեց, հիմա ես այն կդարձնեմ հասարակաց տուն։