Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը տեղյակ է՝ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Երևանում կլինի այս շաբաթ, ամենաուշը՝ շաբաթ օրը: Աստղին պատգամավորը չի դիմավորի, բայց կաշխատի անպայման հանդիպել և իր օգնությունն առաջարկել պատմական հայրենիքին ծանոթացնելու գործում:

«Ամեն դեպքում կառաջարկեմ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավորը, ով ավելի վաղ հայտարարել էր, թե կառաջարկի Քարդաշյանին այցելել նաև Ազգային ժողով:

Թե ինչ նպատակով է ուզում Քարդաշյանին Ազգային ժողով հրավիրել, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, թե մի բանով զբաղեցնելու: «Վեց օր ստեղ է լինելու, բա մի բան պետք է անել, որ զբաղվի»,- նշեց նա: Իսկ թե ԱԺ-ում հայազգի աստղն արդյոք չի ձանձրանա, նշեց. «Դե մի բան պետք է անենք չձանձրանա, թե չէ, որ ձանձրանա, մյուս անգամ չի գա, իսկ մեզ պետք է, որ մեր հայրենակիցները շուտ-շուտ գան իրենց հայրենիք»:

Հարցին, թե տեղյակ է Քարդաշյանի պլաններից, Լևոն Մարտիրոսյանը նշեց. «Աղջիկ ա, գալիս ա իր պատմական հայրենիքը տեսնելու, պտտվելու, հետ գնալու»:

Լևոն Մարտիրոսյանը նշեց, որ շատ բարձր է գնահատում Քարդաշյանի այցի նշանակությունը. «Որովհետև ինքը 77 մլն հետևորդ ունի միայն ինստագրամում և նրա ամեն խոսքը լսում է առնվազն 77 մլն մարդ: Իսկ դա պետք է օգտագործել Ցեղասպանության ճանաչման գործում, Հայաստանը գովազդելու,  Հայաստանի տուրիստական հնարավորությունների համար,  ընդհանրապես մեր ժողովրդի ձայնը ևս մեկ անգամ լսելի դարձնելու համար: Սա շատ լավ խողովակ է»:

Լևոն Մարտիրոսյանը տեղյակ է, որ Քարդաշյանի հետ նկար ունենալը թանկ հաճույք է, բայց հույս ունի, որ նման հնարավորություն կունենա:

Հարցին, թե կարելի է ենթադրել, որ նրա նկատմամբ առանձնակի հետաքրքրվածությունը նշանակում է, որ Մարտիրոսյանը ևս Քարդաշյանի երկրպագուներից է, նա կատակով պատասխանեց. «Ե՞ս իրա, թե՞ ինքը իմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել