Ասում են` մի օր, երկրագնդի մի անկյունում, իրար գլխի են հավաքվում մարդկային բոլոր հույզերն ու հատկանիշները:
Երբ Ձանձրույթն արդեն զգացնել էր տալիս իր ներկայությունը, Խենթությունն առաջարկում է մի խաղ խաղալ.
- Եկե’ք պահմտոցի խաղանք:
Ինտրիգը հետաքրքրությամբ բարձրացրեց հոնքերը.
- Պահմտոցի՞: Դա ի՞նչ խաղ է:
- Մեզանից մեկը, ասենք` ես, փակողն է: Փակողը փակում է աչքերը և հաշվում մինչև միլլիոնը: Այդ ընթացքում բոլորը թաքնվում են: Երբ հաշիվը վերջանում է, փակողը սկսում է փնտրել թաքնվածներին և նրան ում կգտնի ամենավերջինը, նա էլ կլինի հաջորդ փակողը և այդպես շարունակ:
Խանդավառությունն ու Էյֆորիան սկսեցին պարել, իսկ Ուրախությունն այնպես սկսեց թռչկոտել, որ համոզեց Կասկածամտությանը, և միայն Ապատիան, որին երբեք ոչինչ չէր հետաքրքրել, հրաժարվեց խաղալ: Ճշմարտությունը գերադասեց չթաքնվել, քանի որ միևնույն է վերջում իրեն գտնում են: Գոռոզությունն ասաց, որ դա հիմար խաղ է (նրան ոչինչ, բացի իրենից, չէր անհանգստացնում), իսկ Վախկոտությունը գերադասեց ռիսկի չդիմել:
- Մեկ, երկու, երեք…,- սկսեց հաշվել Խենթությունը:
Առաջինը թաքնվեց Ծույլությունը` ճանապարհի վրա ընկած մոտակա քարի հետևում, Հավատը բարձրացավ երկինք, իսկ Նախանձը թաքնվեց Տրիումֆի շողքի տակ, ով սեփական ուժերով կարողացավ բարձրանալ ամենաբարձր ծառի ամենավերևի ճյուղին: Վեհանձնությունը ոչ մի տեղ չէր կարողանում թաքնվել, որովհետև բոլոր այն տեղերը, որոնք նա գտնում էր, ավելի հարմար էին իր ընկերների համար. լճակի պարզ և զուլալ ջրերը` Գեղեցկության համար, ծառի խոռոչը` Վախի, թիթեռի թևիկները` Ցանկասիրության, իսկ զեփյուռը` Ազատության: Ի վերջո նա քողարկվեց արևի ճառագայթներով: Էգոիզմը, ընհակառակը, գտավ իր համար մի շատ տաք և հարմարավետ տեղ: Սուտը թաքնվեց օվկիանոսի հատակում (իրականում նա ծիածանի մեջ էր թաքնվել), իսկ Կիրքն ու Ցանկությունը դարանեցին հրաբխի խառնարանում: Մոռացկոտությունը… անգամ չեմ էլ հիշում, թե որտեղ նա թաքնվեց… բայց դա կարևոր չէ: Երբ Խենթությունը հասել էր 999999-ի, Սերը դեռ փնտրում էր, թե որտեղ թաքնվի: Բոլոր տեղերն արդեն զբաղված էին: Հանկարծ նա նկատեց հմայիչ վարդերի մի թուփ և որոշեց թաքնվել նրա ծաղիկների մեջ:
- Միլլիոն, - ավարտեց հաշվարկը Խենթությունը և սկսեց փնտրել:
Առաջինը, իհարկե, նա գտավ Ծուլությանը: Հետո լսեց, թե ինչպես է Հավատը վիճում Աստծու հետ, իսկ Կրքի և Ցանկության և Կրքի տեղն իմացավ նրանից, թե ինչպես էր դողում հրաբուխը: Հետո Խենթությունը տեսավ Նախանձին և գուշակեց, թե որտեղ կարող է թաքնված լինել Տրիումֆը: Էգոիզմին անգամ ման գալ պետք չէր, քանի որ այն տեղում որտեղ նա թաքնվել էր, մեղուների փեթակ կար, և մեղուները որոշել էին վռնդել այդտեղից ինքնակոչ հյուրին: Փնտրելիս Խենթությունը մոտեցավ գետակին, որպեսզի ջուր խմի և տեսավ Գեղեցկությանը: Կասկածամտությունը նստած էր ցանկապատի մոտ և փորձում էր որոշել, թե որ կողմում թաքնվի: Այսպես, բոլորը գտնվեցին: Տաղանդը` թարմ և հյութալի խոտերի մեջ, Տխրությունը` մութ քարանձավի, Սուտը` ծիածանի մեջ (իսկ եթե ճիշտ, նա թաքնվել էր օվկիանոսի հատակում): Եվ միայն Սերը դեռ չէր գտնվել:
Խենթությունը փնտրում էր նրան յուրաքանչյուր ծառի ետևում, յուրաքանչյուր գետակի և առվակի մեջ, յուրաքանչյուր սարի գագաթին, բայց ապարդյուն: Վերջապես նա որոշում է նայել վարդի թփերի մեջ: Եվ երբ մի կողմ քաշեց վարդի թփի ճյուղերը, մի ճիչ լսվեց: Վարդի սրածայր փշերը վնասել էին Սիրո աչքերը: Խենթությունը չէր իմանում ինչ անի: Նա ներողություն էր խնդրում, լացում…և վերջում, իր մեղքը քավելու համար, նա խոստանում է Սիրուն, որ կդառնա նրա ուղեկցողը: Ու այդ օրվանից, երբ Երկրի վրա առաջին անգամ պահմտոցի էին խաղում… Սերը կույր է և Խենթությունը ուղեկցում է նրան:
Հ.Գ. Չգիտեմ ով է հեղինակը, բայց ինձ դուր եկավ ... Շնորհակալ եմ սիրելի հեղինակ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/3733677471268
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել