1in.am-ը գրում է.
Սթրեսի պատճառով ոսկրերը դառնում են փխրուն, իսկ գոտկատեղը՝ ավելի ծավալուն։ Նեբրասկայի համալսարանի հետազոտողները պարզել են, թե ինչու է սթրեսն այդքան վնասակար առողջության համար։ Նրանք նաև ապացուցել են, որ կարճատև սթրեսները օգտակար են, քանի որ այդ պահին օրգանիզմում առանձնանում է կորտիզոլ հորմոնը։ Այս մասին հայտնում է Direct-Press-ը։
Սակայն տևական սթրեսը վտանգավոր է։ Ամերիկացի հետազոտողներն ապացուցել են, թե ինչի հետ է դա կապված։
Սթրեսային իրավիճակներում օրգանիզմն արդեն մի քանի վայրկյան անց սկսում է ադրենալինի և նորէպինեֆրինի արտադրությունը՝ նախապատրաստելու մարդուն պայքարի։ 2-3 րոպե անց մարդու մարմնում նկատվում է կորտիզոլի բարձր մակարդակ, որն անհրաժեշտ է լարված իրավիճակներում առողջության պահպանման համար։ Կորտիզոլն օգնում է ավելի շատ շաքար դուրս բերել արյուն, որպեսզի ադրենալինի մակարդակի կրճատումից հետո մարդն իրեն վատ չզգա։
Սթրեսի տևականության դեպքում կորտիզոլը ճնշում է իմունային ռեակցիաները, ինչի հետևանքով առաջանում է հիվանդանալու բարձր ռիսկ։ Բացի այդ, կորտիզոլը ճնշում է ոսկրերի աճը՝ դարձնելով դրանք փխրուն։ Սթրեսն ազդում է ախորժակի համար պատասխանատու ուղեղի հատվածի վրա, ինչի պատճառով մեծանում է ճարպոտ և քաղցր սնունդ ընդունելու ցանկությունը։



