Lurer.com–ը գրում է.
Իրանի մայրաքաղաքում կհայտնվի մեկ ցուցանմուշի հնագիտական թանգարան: Այն կստեղծվի այն կնոջ աճյունի թաղման վայրում, որի տարիքը հասնում է շուրջ 7000-ի: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Իրանի ԻՌՆԱ գործակալությունը:
Չնայած ավելի քան պատկառելի տարիքին, կմախքը վատ չի պահպանվել, նշել է գործակալությունը: Գերեզմանը պատահաբար հայտնաբերվել է Թեհրանի հարավի Մոուլավիի փողոցում հողային աշխատանքներ կատարելու ժամանակ: Դա արդեն առաջին եզակի գտածոն չէ, որ արվել է մեգապոլիսի այդ շրջանում: Այնտեղ հայտնաբերված դամբարանների տարիքը հասնում է առնվազն հինգ հազար տարվա:
Թեհրանի Մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության ղեկավար Ռաջաբ Խոսրոու Աբադիի խոսքով՝ արտասովոր գտածոն նախ ցանկանում էին տեղափոխել մայրաքաղաքի արդեն գոյություն ունեցող թանգարաններից մեկը, որպեսզի այն չվնասեն ճանապարհային աշխատանքների ընթացքում: Սակայն հետագայում ընդունվել է այլ որոշում. բացել հատուկ հնագիտական թանգարան, որտեղ միակ ցուցանմուշը կդառնա «դարերով ճամփորդած կնոջ»՝ մինչև մեզ հասած աճյունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



