Հերմինե Նաղդալյանը 3 օր մտածեց-մտածեց, թե ինչպես պատախանի Ծիծեռնակաբերդում տեղ գտած ՀՀԿ-ական խայտառակության համար հնչած մեղադրանքներին, և հիմա, կարդալով տիկին Նաղդալյանի պարզաբանումները, ինձ չի լքում տպավորությունը, որ նա 3 օր մտածում էր, թե ինչպես հնարավորինս ավելի անհեթեթ պարզաբանումներ տա ստեղծված իրավիճակում։
Ըստ Նաղդալյանի՝ ՀՀԿ-ական տիկինների լիաթոք ծիծաղն ու ժպտերես դեմքերը պայմանավորված էին նրանով, որ իրենք այդ պահին գիտակցում էին, որ աստվածահաճո բան էին անում։ Հետո էլ, ըստ Նաղդալյանի, իրենց հո հուշահամալիրի անմիջական հարևանությամբ չէի՞ն այդպես ժպտում...
Ափսոսում եմ, որ հարգարժան հանրապետական տիկինը չի հասկանում, որ էական չէ, թե հուշարձանից քանի մետրի վրա է եղել խինդ-ուրախությունը, էական է այն, թե ինչ կարգախոսով ու խորհրդով էիք կազմակերպել այդ միջոցառումը, և դրանով հանդերձ՝ նման տոնական մթնոլորտն անթույլատրելի է։ Կամ էլ հասկանում է, պարզապես իրեն է միամիտի տեղ դրել, քանի որ չի կարողանում հոդաբաշխ բացատրություն տալ, իսկ ներողություն խնդրելու ազնվություն չունի։
Սակայն առավել խայտառակ է ծաղիկների ալիքի մասով արված պարզաբանումը։ Սկզբում Նաղդալյանը հայտարարում է, որ իրականում ինքն ասել է, որ ծաղիկները վեր բարձրացնեն, որպեսզի ստուգի՝ արդյո՞ք բոլորը ծաղիկներ ունեն (դժվարանում եմ պատկերացնել, թե ինչպես էր կարողանալու այդպիսի հոծ բազմությանը հատ-հատ ստուգել), իսկ հաջորդ պահին հայտարարում է, որ դա ընդվզում հայտարարելու ձև էր։
Տիկին Նաղդալյան, կին եք, ուստի հնարավորինս զերծ եմ մնում ցանկացած տիպի բանից, որը կարող է կոպիտ թվալ, բայց եթե, երեք օր ունենալով, նման «պարզաբանումներով» եք հանդես գալիս, դա Ձեզ շատ վատ է բնութագրում, որովհետև ստացվում է, որ Դուք կամ ժողովրդին եք հիմարի տեղ դրել և այդ թվում՝ ինձ, որովհետև մտածում եք, որ նման անհեթեթությունները կարող են սպառիչ պատասխան դառնալ, կամ էլ պարզապես համեստ ինտելեկտուալ ու մարդկային որակների տեր եք, եթե չունեք խիզախություն ընդունել մեղքի Ձեր չափաբաժինն ու անկեղծորեն կամ էլ թեկուզ կեղծավորությամբ հայցել ժողովրդի ներողամտությունը՝ որպես միջոցառման պատասխանատու։
Կից նյութը՝ այստեղ