Esem.am-ը գրում է.

Վաղուց անցել են այն ժամանակները, երբ միայնակ մայր լինելը կարող էր չընդունվել հասարակության կողմից: Կնոջ ինքնուրույն ու ինքնավստահ լինելը շատ բան փոխեց նրա կյանքում ու միայնակ երեխա դաստիարակելը, մեծացնելն այլևս խնդիր չէ: Այժմ ոչ միայն պախարակելի երևույթ չէ միայնակ մայր լինելը, այլև միանգամայն սովորական, որքան էլ երեխայի համար նախընտրելի է լիարժեք ընտանիքը: Պարզիր հայտնի միայնակ մայրերին մեր այս անդրադարձի շնորհիվ:    

DJ Վակցինա«Երբեք դժվարություններից չեմ խուսափում» 

Հղիության յոթերորդ ամսում գտնվող DJ Վակցինան այն կանանցից է, ով չի վախենում միայնակ մայր լինել, իսկ դժվարությունների մասին խոսելիս էլ նշում է, որ իր ամբողջ կյանքն է դժվար եղել: «Երբեք դժվարություններից չեմ վախենում ու խուսափում: Եթե համեմատենք միայնակ հորն ու մորը, ապա կարող եմ ասել, որ միայնակ մոր համար շատ ավելի դժվար է, որովհետև մայրն ավելի էմոցիոնալ է տանում ամեն բան, ինպես նաև մոր համար դժվար է միանգամից երկուսի դերը ստանձնելը: Թեպետ ասեմ, որ ամբողջ կյանքում դժվարություններին զուգահեռ եմ քայլել ու միշտ էլ կարողացել եմ ճիշտ որոշումներ կայացնել»,- համոզված պնդեց նա: Վակցինայի խոսքերով` միայնակ երեխա ունենալու որոշումը մեկ օրում չի կայացրել: «Առողջական խնդիրներ եմ ունեցել, որից հետո հասկացել եմ, որ պետք է մայրանամ: Ինչպես որոշում եմ կյանքիս ընթացքը, հետագայում այդպես  էլ հաղթահարում եմ դժվարությունները: Հետևաբար, եթե ընտրել եմ, ուրեմն պատրաստ եմ,- ասաց -ը և հավելեց,- բնականաբար, բոլոր կանայք ու տղամարդիկ էլ ցանկանում են, որ իրենց կլյանքում ամեն բան իդեալական լինի, բայց եթե ինչ-ինչ պատճառներով հասկանում ես, որ քեզ համար ավելի լավ է այս տարբերակը, ոչինչ չի կարող խանգարել դրան»,- ավելացրեց զրուցակիցս: Ըստ նրա`  ամուսնանալ կարելի է ցանկացած տարիքում: «Եթե գոյություն ունի ռիսկի գործոն, բնականաբար, բոլոր կարծրատիպերը կոտրվում են, որովհետև հարցը երեխայի լինել-չլինելու մասին է»,- նշեց նա: DJ Վակցինան (երիտասարդ մայրիկն արդեն որոշել է  երեխային պապիկի անունով կոչել` Յուրի), մինչև բալիկի ծնունդը զրուցել է հոգեբանների հետ ու իր համար մի շարք հարցեր պարզել: «Բնականաբար, լիարժեք ընտանիքը երեխայի համար գագաթնակետ է, սակայն հայրն ու մայրն էլ պետք է լինեն լիարժեք և ընտանիքում չլինի անառողջ մթնոլորտ: Զրուցել եմ հոգեբանի հետ, ով ինձ ասաց, որ մինչև երկուսուկես տարեկան երեխայի համար միայն մոր գործոնն է կարևոր, այսինքն` հոր չլինելը սթրեսային չի լինի նրա համար: Ջերմությունն ու սերը ինքս կարող եմ տալ երեխային: Վստահ եմ, որ պատվով դուրս կգամ այդ պատասխանատվության տակից»,- եզրափակեց ապագա մայրիկը:

Ալինա Մարտիրոսյան«Շատ դժվար պայմաններում եմ մեծացրել որդուս»

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը որդուն` 15-ամյա Էմմանուէլին տասը օրականից միայնակ է մեծացրել, քանի որ նրա հայրը մահացել է: «Շատ դժվար պայմաններում եմ մեծացրել նրան. նույնիսկ չեմ էլ ցանկանում հիշել, թե ինչ ճանապարհ եմ անցել,- մեզ հետ զրույցում նշեց Ալինան ու պատմեց Էմմանուէլի ցանկությունների մասին,- Էմմանուէլին դպրոցում  «ջենթլ» են ասում, որովհետև շատ կիրթ է իրեն պահում: Շատ է ցանկանում, որ գոնե այս տարի ամուսնանամ: Մի անգամ նույնիսկ ասաց, որ երազ է տեսել, որը պետք  է իրականացվի: Այդ երազում ես մի գեղեցիկ, ոսկեծամ աղջիկ էի որդեգրել: Ինձ ասաց` «Քեզ վրա հույս դնելու չէ, գոնե ինձ համար քույրիկ որդեգրի»: Արդյոք Ալինան պատրաստվո՞ւմ է այս տարի կատարել Պարարվեստի ակադեմիայի դասական պարի բաժնում սովորող որդու ցանկությունը. մեր այս հարցին ի պատասխան` դերասանուհին ասաց. «Տա Աստված, որովհետև չկա այնպիսի մեկը, ում հետ կանցկացնեմ հետագա կյանքս: Սիրում եմ արժանի ու ինքնուրույն տղամարդկանց,  և նա պետք է լինի մինչև 40 տարեկան»: Ալինայի փոխանցմամբ` տղայական խնդիրներով իր որդուն օգնել է քեռին` Նարեկ Մարտիրոսյանը, ով ևս բալետի արտիստ է: «Ժամանակից շուտ է մեծացել Էմմանուէլը. նույնիսկ մի դեպք հիշեցի, երբ  առաջին դասարանում նրան հարցրել են, թե հայրը որտեղ է աշխատում, դուրս է հրավիրել ուսուցչուհուն և ասել` «Ինչո՞ւ Դուք մինչև հիմա չգիտեք, որ ես հայր չունեմ ու բոլորի մոտ ինձ ցավեցնում եք»:

Ալինան ցանկություն ունի երկրորդ բալիկն էլ ունենալու, սակայն եթե ամուսնանա: «Եթե առանց ամուսնության հնարավոր լիներ մայրանալ, ապա վաղուց այդ քայլին կգնայի: Պարզապես պետք է ընտանիք ունենալ, և երեխան էլ հայր ունենա, ով ամեն կերպ իր կողքին կլինի, կմեծացնի ու կդաստիարակի նրան: Այնքան դժվարություն եմ տեսել, որ միայնակ բառը լսելուց արդեն սարսափում եմ: Կրկին միայնակ ճանապարհ անցնելն ինձ համար շատ բարդ կլինի»,- նշեց դերասանուհին, ում խոսքերով` ամուսնության լուրջ առաջարկ դեռևս չունի: «Անկեղծ ասաց, Հայաստանից դուրս եմ ուզում գնալ ու երևի դրսի հայերից որևէ մեկի հետ կամուսնանամ: Նրանց դաստիարակությունն այլ է, օրինակ` նրանք երբեք չեն ասի` ուրիշի երեխա է»,- կարծում է դերասանուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել