Araratnews.am-ը գրում է.
Կանայք շատ են փոխվել ու դերակատարումն էլ է փոխվել կին-տղամարդ հարաբերություններում, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեցին գինեկոլոգ Լիլիթ Կուջոյանը և սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: «Հիմա անգամ ամենակայացած ու ուժեղ տղամարդիկ չեն կարողանում իրենց այնպես դրսևորել, որ կանայք կարողանան ճիշտ կենտրոնանալ: Կանայք սիրում են, երբ իրենց շնորհակալ են լինում, ինչպես նաև սիրում են իրենց ապահով զգալ տղամարդկանց կողքին՝ ցանկացած պարագայում: Կնոջն անհրաժեշտ է իր կողքին ունենալ ոչ միայն տղամարդ, որը հոգատար կլինի, անընդհատ հաճոյախոսություններ կանի, այլև ունենալ ընկեր, ով կլսի ու կկիսի իր հոգսը: Կինը պետք է ապահով զգա իրեն նաև սեռական կյանքում, քանի որ, անընդհատ պաշտպանվելով անցանկալի հղիությունից, չի կարող լիարժեք սեռական կյանք ունենալ»,- հայտնեց Լիլիթ Կուջոյանը:
Տղամարդը վարքի դրսևորմամբ փոփոխվել է, և դա եղել է որոշակի ժամանակահատվածում, նշեց Վրեժ Շահրամանյանը: «Ընտանիքներում դերակատարումը իրոք փոխվել է, ու դա մեծ վտանգ է ներկայացնում իրենից: Կանանց մոտ կա այն գանգատը, որ ուզում են ուշադրության կենտրոնում լինել, որ տղամարդկանց կողքին ուզում են իրենց կին զգալ: Կանանց մոտ տղամարդկանց պասիվությունը մի քանի ձևով է մեկնաբանվում՝ կամ արդեն այնքան էլ ցանկալի չեն ամուսինների համար, կամ հարաբերություններն այնպիսին չեն, ինչպես առաջ էր, և կինը իրեն լիարժեք այլևս չի զգում: Խնդիրների մի մասը հենց այստեղից էլ գալիս է, քանի որ կինն ունի մի շարք սպասելիքներ, ամուսնական պարտականության կատարում, ու դա չի լինում: Սրա հետևանքները կարող են լինել նևրոզը, ինպես նաև ամուսնու հանդեպ անտարբերությունը, հետաքրքրության կորուստը: Մեզ դիմող կանանց 50 տոկոսն ունի օրգազմի բացակայություն: Օրգազմի բացակայությունը բերում է կենցաղային հարցերի փոփոխության կին-տղամարդ հարաբերություններում: Կին-տղամարդ ինտիմ հարաբերությունները իրենց կնիքը դնում են առօրյայի վրա, ով ինչ ուզում է ասի»:
Ցանկացած կին կարող է տղամարդուն հոգեբանորեն իմպոտենտ սարքել, շեշտեց Լիլիթ Կուջոյանը: «Կին-տղամարդ հարաբերությունները շատ բարդ են: Կնոջ մոտ ամեն բան կապված է օրգազմի հետ: Եթե կինը մտածում է, որ վաղը երեխաները ուտելու բան չունեն, կամ այսօր իրեն ինչ-որ մեկը ինչ-որ բան է ասել՝ չի կարողանա լիարժեք տրվել ամուսնուն ու ունենալ օրգազմ: Մտածմունքները ուղիղ կապ ունեն կնոջ օրգազմի հետ, իսկ տղամարդկանց մոտ դա ավելի շուտ ֆիզոլոգիական է»:
Ըստ Վրեժ Շահրամանյանի, ընտանիքներում դերակատարմանը նպաստել է նաև կնոջ ակտիվությունը բիզնես ոլորտում: «70-80-ական թվականներին մենք չունեինք բիզնես լեդի արտահայտությունը: Կանայք շատ են ակտիվացել այս ոլորտում: Բացասական ոչ մի բան այսօր չենք տեսնում աշխատող կնոջ մոտ: Խնդիր է առաջանում, երբ կինը ավելի շատ գումար է վաստակում, քան տղամարդը, ու ամեն անգամ դա շեշտում է: Ավելի շատ գումար վաստակելը վատ չէ կնոջ համար, սակայն, կինը պետք է ունենա այնպիսի կրթական մակարդակ, որ դրանից խնդիր չստեղծի: Այս պարագայում, իհարկե, տղամարդը իրեն կարող է լավ չզգալ, սակայն, ամեն ինչ կնոջ ձեռքերում է: Եթե կինը կարողանա իր համեստությունը չդնել մի կողմ ու իր իրավունքներից խոսել, քանի որ ավելի շատ է վաստակում, ապա ցանկացած տղամարդ միայն ուրախ կլինի նման կին ունենալու համար»:
Ոչ լիարժեք հանգիստը, ֆիզիկական հոգնածությունը իրենց ստվերն են գցում զույգերի սեռական կյանքի վրա, հայտնեց սեքսապաթոլոգը: «Տղամարդկանց և կանանց համար բավական է մի քանի անքուն գիշեր, լարված աշխատանք, և սեռական ֆունկցիան խախտվում է: Խորհուրդ եմ տալիս բոլոր զույգերին՝ սիրել իրար, համբերությամբ լցվել, հոգատար և ուշադիր լինել իրար հանդեպ, մնացածը ինքնըստինքյան կստացվի»




