Մի քիչ ծավալուն անդրադարձ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցին
Քիմն այցելել է Հայաստան, ու այս փաստը դարձել է լայն քննարկումների առարկա՝ թե դրական և թե բացասական արձագանքներով: Որոշ «հայ տղու փայ աղջկա» հոգեբանական բարդույթով տառապող «հայրենասերներ» արդեն լծվել են ֆեյսբուքյան հարձակման «սուրբ» գործին, որը, մեր մեջ ասած, հեչ Քիմ Քարդաշյանինն էլ չի: Այս ամենի ֆոնին առանձնացնենք մի քանի ակնառու փաստ.
Քիմ Քարդաշյանն աշխարհում ամենաճանաչված հայերից մեկն է, ում ազգանունը վերջանում է «յան»-ով, ու նա չի հրաժարվել իր հայկական արմատներից:
Քիմ Քարդաշյանն ինքն է տնօրինում ու օգտագործում իր բարեմասնությունները, ինչպես ցանկացած ազատ մարդ, ու Քիմ Քարդաշյանին քլնգողներից շատերը միգուցե ավելի վատ բաներ են անում ու թաքուն:
Քիմ Քարդաշյանը թեկուզ կրում է հայկական գեն, բայց «հայեցի» չի դաստիարակվել, քանի որ ճակատագրի բերումով ծնվել և մեծացել է այնպիսի միջավայրում, որտեղ «լավ տղու փայ» հասկացությունն աբսուրդ է:
Քիմ Քարդաշյանը սոցցանցերում ունի բազմամիլիոն երկրպագուների բանակ, որոնք ընդհանուր թվով գերազանցում են աշխարհի երեսին ապրող բոլոր հայերին միասին վերցված, անգամ մուսուլման դարձածներին էլ հետը:
Քիմ Քարդաշյանն ավելի մեծ ուշադրության է արժանացնում աշխարհում քան մեր բազմաչարչար պետությունն առհասարակ. հաստատ համոզված եմ, որ աշխարհում ավելի շատ մարդ գիտի Քիմ Քարդաշյանի գոյության մասին, քան Հայաստանի Հանրապետության:
Քարդաշյանն ի վերջո այցելում է իր պատմական հայրենիք, ու ոչ ոք իրավունք չունի արգելել կամ վատաբանել մարդու այդ ցանկությունը:
Իսկ ինչ վերաբերում է «աղ ու հաց»-ով դիմավորելուն` դա նորմալ ընթացակարգ է, որն ավանդական է հայերիս համար, ու Քիմը հաստատ վերջին մարդը չէր, որ արժանի է նման ընդունելության:
Քիմ Քարդաշյանն իր բարոյականությամբ հաստատ չի զիջում մի շարք բարձրաստիճան տիկնանց, միգուցե նաև առավելություն ունի:
Քիմ Քարդաշյանը ոչ մեկին չի խնդրում իր հետ ամուսնանալ, ինչի դեպքում բացարձակապես ոչ մեկի գործը չէ նրա բարոյականությունը:
Արդ կառաջարկեմ` Քիմին դիմավորել և ճանապարհել ըստ արժանվույնս, քանզի այս ամենը ճիշտ օգտագործելու դեպքում ժամանակ անց կհասկանաք, որ Քիմն իր լուման ունի ներդրած «երԳիրը երԳիր դառնալու» գործում՝ թեկուզ մենակ զբոսաշրջության զարգացման առումով:
Հ.Գ. Քիմն աՇկիս լույսը չի, բայց աՇկիս փուշն էլ չի... Ադեկվատիկենց ասեք՝ թող գան, մինչև Քիմը Հայաստանից գնա: