Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որպեսզի Հայաստանը դառնա իրանական գազի տարանցիկ երկիր։ Ռուսաստանը դա թույլ չի տա ոչ թե նրա համար, որ ուզում է մեզ վատություն անել՝ զուտ վատություն անելու համար, այլ ունի երկու հիմնական պատճառ։
Առաջին, բայց երկրորդական նշանակություն ունեցող պատճառը Հայաստանի վրա ազդեցության լծակների հարցն է։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի վրա ճնշում գործադրելու հարցում ամենամեծ դերը խաղում է էներգակիրների մահակը ու հատկապես՝ գազի գնի մանիպուլյացիաները։ Եթե Հայաստանը դառնա իրանական գազի տարանցիկ երկիր, ապա տրանզիտի համար այնքան գազ կարող է ստանալ Իրանից, որ ոչ միայն ռուսական գազի կարիք չենք ունենա բացարձակապես, այլև կկարողանանք ինքներս գազ արտահանել, ինչը գրեթե կզրոյացնի Ռուսաստանի դերը մեր էներգակիրների ոլորտում։ Տնտեսական առումով դա Ռուսաստանի համար ոչ մի սարսափելի բան չի ներկաացնի, իսկ այ քաղաքական առումով էապես կթուլացնի Ռուսաստանի գերիշխանությունը՝ Հայաստանի հանդեպ։
Երկրորդ ու առավել լուրջ պատճառը նրանում է, որ Ռուսաստանն անելու է հնարավորը, որպեսզի հնարավորինս խոչընդոտի իրանական գազատարի կառուցումը դեպի Եվրոպա, որը մինչ օրս էլ հանդիսանում է ռուսական գազի հիմնական սպառման շուկան, իսկ Իրանը եթե կարողանա հասցնել իր խողովակն այդ շուկա, իսկական գլխացավանք կդառնա Ռուսաստանի համար, և Ռուսաստանը կզրկվի միլիարդավոր դոլարների եկամտից։