Newsline.am-ը գրում է.

Թուրքիայում, համաձայն դատարանի որոշման, մասամբ սահմանափակվել է մուտքը Twitter, Youtube և Facеbook սոցիալական ցանցեր, գրում է TRT Haber թուրքական հեռուստաընկերությունը:

Մասնավորապես արգելափակվել են սոցցանցերի այն էջերը, որորնց միջոցով տարածվել են օրեր առաջ Ստամբուլում պատանդ վերցված դատախազ  Սելիմ Քիրազի լուսանկարները:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին զինված անձինքն Ստամբուլի արդարադատության պալատում  պատանդ էին վերցրել դատախազ Սելիմ Քիրազին:

Մեհմեթ Սելիմ Քիրազը հետաքննում էր 2013 թվականին տեղի ունեցած Գեզի այգու ցույցերի արդյունքում վիրավորված և 269 օր կոմայի մեջ մնալուց հետո 2014 թվականի մարտին մահացած 15-ամյա Բերքին Էլմանի գործը: Զինյալները պահանջում էին ձերբակալել 15-այմա ցուցարարին սպանած ոստիկանին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ դատախազին պատանդ վերցրած զինված անձինք Թուրքիայի «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատ» խմբավորման անդամ են և Քիրազին բազմիցս են սպառնացել սպանել, եթե երիտասարդին սպանած ոստիկանը չձերբակալվի:

Քիրազը, 5 հրազենային վնասվածք ստանալով, հիվանդանոցում մահացել էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել