_MG_2300Ցավոք սրտի, Հայաստանում վերջին տարիներին ամուսնալուծությունների ցուցանիշը գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշները։ Այսպես, Հայաստանում ընտանիք կազմող զույգերի ավելի քան 40 տոկոսն ամուսնալուծվում է առաջին 7 տարիների ընթացքում։ Տարբեր հետազոտություններ են արվում աշխարհում, և տարբեր կերպ են մեկնաբանում ամուսնալուծությանը մղող դրդապատճառները, բայց գրեթե միշտ գործ ունենք իրավիճակների հետ, երբ ամուսնալուծությունը պայմանավորված է զույգի անդամներից մեկի կամ էլ երկուսի բնավորության որոշակի առանձնահատկություններով։

Այս անգամ փորձել ենք առանձնացնել հայերի համար ակտուալ բնավորության այն գծերը, որոնք առավել խնդրահարույց են ամուսնական կյանքում և հաճախ բերում են ամուսնալուծության։ Հարկ է նշել, որ կան այնպիսի բնագծեր, որոնք հավասարապես անընդունելի են երկու սեռերի համար էլ՝ ամուսնական կյանքում, իսկ կան նաև այնպիսիք, որ առավել անընդունելի են՝ կապված նրանից, թե կնո՞ջ մոտ են հանդիպում, թե՞ տղամարդու։ Այսպիսով, Ձեզ ենք ներկայացննում բնավորության գծերի երեք խումբ՝ ընդհանուր, կանանց, տղամարդկանց, որոնց առկայության դեպքում լավ կանեք մոռանաք ամուսնանալու մասին, մինչև չհղկեք Ձեր բնավորության այդ արատները։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԾԵՐ 

1. Անզիջողականություն

Շատ նորմալ բան է, երբ մարդը սկզբունքային է։ Նույնիսկ համառությունը շատերի համար բնական է, ու կարելի է հադուրժել, եթե չափավոր է։ Սակայն բացարձակ անընդունելի է, երբ զույգից ինչ-որ մեկը կամ էլ առավել ևս՝ երկուսն էլ զուրկ են զիջումների գնալու ունակությունից։ Եթե այդպիսինն է միայն մեկը, ապա դա վաղ թե ուշ սկսում է ճնշել նրա կողակցին ու դժբախտ զգալ, ինչի արդյունքում մարդը կամ կոտրվում է, կամ էլ դադարեցնում է այդ հարաբերությունները, իսկ եթե երկուսն էլ դրսևորում են փոխզիջումներին գնալու ունակության ի սպառ բացակայություն, ապա այդ ընտանիքը լավագույն դեպքում դատապարտված է ամուսնալուծության։

2. Անպատասխանատվություն

Հայ զույգերի մոտ հաճախ հանդիպող խնդրահարույց բնագծերից մեկը դա անպատասխանատվությունն է։ Սա իրոք շատ լուրջ խնդիր է՝ անկախ նրանից, թե ինչ սեռի ներկայացուցիչ ես։ Եթե տղամարդն անպատասխանատու է, ապա նա արդեն տղամարդ չէ, այլ պարզապես՝ արական սեռի ներկայացուցիչ։ Եթե անպատասխանատու է կինը, ապա ինչպե՞ս կարող է վստահել նման մեկին երեխաների դաստիարակության պես կարևորագույն ու պատասխանատու գործը։ Պատասխանատվությունը պարտադիր նախապաման է՝ ընտանեկան առողջ մթնոլորտ ստեղծելու հարցում։

3. Երեխաներ չսիրել/չուզենալ

Անկախ որոշ «նորարարական» մոտեցումների, ոչինչ այդքան չի թրծում ու ամրացնում ընտանիքը, որքան համատեղ երեխաների առկայությունը։ Մեծ հաշվով, ընտանիքի գերնպատակներից մեկն էլ նոր սերունդներին կյանք պարգևելն ու դաստիարակելն է։ Հակառակ դեպքում դա անբնական էգոիզմ է, որը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել։

4. Խոսք տանել-բերել/ընտանեկան խնդիրներին կողմնակի անձնաց խառնել

Ռուսներն ասում են «муж и жена – одна сатана», իսկ հայերս՝ «Այր ու կին՝ մի մարմին»։ Շատ սխալ բան է, երբ ընտանիքի հարցերին տարբեր պատեհ ու անպատեհ իրավիճակներում սկսում են ներգրավել ծնողներին, հարազատներին, բարեկամներին, բաջանաղներին ու ընկերներին։ Ընտանիքը՝ սակրալ տարածք է, որտեղ խնդիրների լուծմանը որքան ավելի քիչ մարդ ներգրավվի, բացի բուն ընտանիքի անդամներից, այնքան ավելի լավ։ Անտանելի բան է, երբ կնոջը ընտանեկան հարցերը կանոնակարգել սովորեցնում է ամուսնու մայրը, կամ քույրերը և ոչ պակաս անտանելի է, երբ ամուսնուն ընտանեկան հարցերով կարգադրություններ սկսում է տալ ասենք զոքանչը։

5. Անլրջություն՝ ամուսնության հարցում

Հաճախ, հայ զույգերը հստակ չեն էլ գիտակցում, թե ինչու են ամուսնանում, ում հետ են ամուսնանում, ինչ են անելու ամուսնանալուց հետո և ինչ է ամուսնությունն՝ առհասարակ։ Ընտանիք կազմելը մարդու կյանքում ամենապատասխանատու որոշումերից մեկն է ու պետք է հնարավորինս հասունացած լինել՝ այդ քայլին գնալու համար։ Հակառակ դեպքում, ընտանեկան կյանքը կարող է վեր ածվել մղձավանջի ու հիասթափության, իսկ չարդարացված ակնկալիքները նման իրաավիճակներում հաճախ հանգեցնում են ամուսնալուծությունների։

ՏՂԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԲՆԱԳԾԵՐ

1. Ագահություն

Անտանելի բան է կնոջ համար՝ ապրել ագահ տղամարդու հետ։ Տղամարդուն՝ տղամարդ դարձնող հատկանիշներից մեկն ավանդապես եղել է առատաձեռնությունը։ Իհարկե, սա չի նշանակում, որ տղամարդը պետք է փողը քամուն տվող լինի ու ի սպառ զուրկ լինի կենցաղային իմաստությունից և իր վաստակածը գրագետ տնօրինելու ունակությունից, բայց երբ այդ ողջամիտ պրագմատիզմը վերաճում է ժլատության, ապա ոչ մի կին չի կարող իրեն երջանիկ զգալ նման տղամարդու հետ։

2. Ծուլություն

Աշխատանքը կարող է կորցնել յուրաքանչյուրն, ուստի գործազրկությունը՝ որպես էդպիսին, մահացու մեղք չէ, սակայն ճակատագրական է, երբ տղամարդը ծույլ է՝ աշխատելու ու գումար վաստակելու իմաստով, որովհետև այդպիսիք կենսունակ չեն և արագ կոտրվում են, եթե կորցնում են աշխատանքը։ Լինում են նաև ավելի ծանր դեպքեր. տղամարդը ամուսնանում է, երեխա է ունենում, իսկ իրեն՝ իր ընտանիքի հետ հանդերձ, շարունակում են ապահովել իր տարեց ծնողները։ Նման տղամարդու հետ ընտանիք կառուցելը շատ երջանկություն բերել չի կարող, էլ չասեմ, որ նման տղամարդիկ հազվադեպ են կարողանում երեխաների ապագայի համար բավարար ներդրումներ անել՝ հոգեկան, նյութական ու էմոցիոնալ, որովհետև սա այն կատեգորիան է, որ «բեսեդկում» մեծ-մեծ փրթում ա, երբ երեխեքը կիսասոված են, կինն էլ վերջին անգամ հարսանիքին ա նոր շոր հագել։

3. Գոռոզություն

Լավ է, երբ տղամարդը ինքնաբավ է ու վստահ իր ուժերի վրա, սակայն վատ է, երբ ինքնավստահությունը վեր է ածվում ինքնահավանության, իսկ ինքնաբավությունը՝ գոռոզության։ Նման «աստղերի» կողքը գտնվող կնոջ մոտ կարող է թերարժեքության բարդույթ ձևավորվել, քանի որ նման ամուսնյակները ինքնահաստատվում են ու սնուցում են իրենց ուռճացված էգոն՝ առաջին հերթին իրենց մերձավոր շրջապատին նսեմացնելու հաշվին։ Նման տղամարդիկ անտանելի են ամուսնական կյանքում։

4. Մամայի բալայություն

Եվս մի խիստ տարածված հայակական բնագիծ, երբ կինը ամուսնանում է իր սիրած տղայի հետ՝ ակնկալելով, որ ընտանիքի գլուխը լինելու է հենց իր ամուսինը, բայց պարզվում է, որ իրենց ընտանիքում մայրիշխանություն է, այն էլ՝ մեկ ալֆա-էգով և այդ ալֆա էգը՝ ամուսնու մայրն է, ով իր սուրբ պարտքն է համարում կարգավորել ընտանեկան ծախսերը, որոշել երեխաների դաստիարաության ձևերը, հարսին հարիր հագուկապի ֆորմատը և ընդհանրապես՝ ամեն ինչ։ Կանանց համար այդքան անտանելի չի լինում նման սկեսուրների առկայությունը՝ որպես էդպիսին, որքան այն, որ իրենց սիրած տղամարդը նման իրավիճակներում ու ընտանիքներում, վեր է ածվում անօգնական երեխայի, ով կրակի պես վախենում է մորից։

5. Բռիություն ու կանանց նկատմամբ հարգանքի բացակայություն

Կա տղամարդկանց տիպ, որը կնոջը վերաբերվում է՝ ասես մասնավոր սեփականության ու կյանքը ավելի հարմարավետ դարձնող՝ լվացքի մեքենայի, բուֆետի, փչովի տիկնիկի ու ինկուբատորի ֆունկցիաներ կատարող գործիքի։ Նման տղամարդիկ հենց դրա համար էլ ամուսնանում են, որպեսզի իրենց լվացքն անող, ճաշ պատրաստող, իրիկունները ծոցը մտնող ու երեխեք «բերող» լինի։ Ընդ որում, նման տղամարդիկ կարող են լինել ինչպես բարձր նյութական ապահովվածություն ունեցող դասում, այնպես էլ ոչ այնքան, բայց անկախ կենսամակարդակից, նրանց միավորում է կնոջ նկատմամբ այդ իսլամիստական մոտեցումն ու բռիությունը։ Նման բնագծով տղամարդկանց ամուսնանալ չի կարելի կտրականապես, որպեսզ այդ գենը չփոխանցվի մյուս սերունդներին։

ԿԱՆԱՑԻ ԲՆԱԳԾԵՐ

1. «Բոլոր ավտոների համարները լավ իմացողներ»

Իհարկե, ցանկացած իմաստուն կին, որոշակի սելեկցիա է անում՝ տղամարդկանց հարցում ընտրություն կատարելիս և ամենևին դատապարտելի չէ և նույնիսկ խիստ բնական է, եթե կինը ցանկանում է իր կողքիին տեսնել ամեն առումով հաջողակ տղամարդու, ով ի թիվս այլ դրական կողմերի, նաև կարող է բարեկեցիկ կյանք ապահովել, կամ էլ գոնե ունի դրա նախադրյալները։

Սակայն անտանելի է, երբ ընտրության հարցում նյութական կողմին բացառիկ նշանակություն է տրվում, իսկ սերը չափվում է կնոջ վրա ծախսված փողի ու նվերների քանակով։ Ոչ մի տղամարդ երջանիկ չի կարող լինել այնպիսի կնոջ կողքին, ով իրեն նայելով՝ բանկոնմատ է տեսնում, իսկ այս հիվանդագին նյութապաշտության ամենածայրահեղական դրսևորումները կրում են «Ավտոյի համարները լավ իմացող» նանարները, ովքեր նույիսկ ոչ գոլդ համարներ ունեցող բոլոր մեքենաներն ու դրանց տերերին անգիր գիտեն ու երբ երկրորդ անգամ նույն համարը հանկարց տեսնեն, իրենք արդեն հաստատ գիտեն, որ «ուզող» ունԵն։ 

2. Կենցաղային հմտություններից զուրկ լինել

Թող մեզ ներեն ֆեմինիստուհիները, բայց հատկապես հայկական ընտանիքներում խիստ խնդրահարույց կարող է լինել առաջին հայացքից մանրունք թվացող այնպիսի բաները, ինչպիսիք են ճաշ սարքել իմանալը ու կենցաղը ավելի հարմարավետ դարձնող այլ հմտությունները։ Եթե կինը չգիտի, թե ոնց է պետք տունը մաքրել ու ձվածեղից բացի ուրիշ բան չի կարողանում սարքել, ապա տղամարդու աչքը սկսում է այլ կանանց էլ նայել, հատկապես, եթե չունի հնարավորություն՝ վարձելու մեկին, ով կարող է դա անել իր կնոջ փոխարեն։ Իզուր չեն ասում, որ դեպի տղամարդու սիրտը տանող ճանապարհն անցնում է նրա ստամոքսով։ Հայավարի ասած՝ կինը պետք է եփել-թափել իմանա։

3. Փնթիություն

Փնթիությունն ինքնին տհաճ բան է ու իհարկե չի կարելի ասել, որ տղամարդու պարագայում փնթիությունը ներելի է, սակայն անգամներով ավելի տհաճ ու վանող բան է, երբ փնթի ու անփույթ է լինում կինը։ Այն էլ՝ ընտանեկան կյանքում։ Իրականում քիչ բաներ կարող են տղամարդուն վանել կնոջից այնքան ուժեղ, որքան կանացի փնթիությունը։

4. Անհավատարմություն

Ամուսնական անհավատարմությունը մեղք է ամեն պարագայում ու ըստ իս՝ հանդուրժելի չէ ամուսիններից ոչ մեկի համար, սակայն համաձայնվեք, որ դավաճան տղամարդու կերպարը անգամ մոտավոր այդքան վանող չէ, որքան անհավատարիմ կնոջինը։ Ի վերջո, կրկին բնազդների մակարդակ եթե գնանք, ապա կտեսնենք, որ պոլիգամիայի (բազմաթիվ էգեր ունենալ) ձգտումը ավելի հատուկ է արական սեռին, քան իգականին և նաև դրա պատճառով է, որ կանայք ավելի քիչ են բնական պահանջմունք ունենում դավճանելու։ Կրկնում եմ, ամեն դեպքում դավաճանությունը՝ մեղք է, բայց եթե տղամարդու պարագայում անհավատարմությունը կարող է մեկնաբանվել որպես ակնթարթային թուլություն, պահի թելադրանք և այլն, ապա կնոջ պարագայում դա միանշանակորեն ընկալվում է որպես անբարոյականություն։

5. Стерва-ություն

Ստեռվաներին ցանկանում են բոլոր տղամարդիկ, բայց նրանց հետ ամուսնանում են միայն դժբախտներն ու թուլակամները, որովհետև նման կնոջ հետ ընտանիք կազմելը նշանակում է ի սպառ զրկվել ընտանեկան անդորրից և հավերժ սղոցվելու դատապարտվել։ Ստեռվան միշտ գոհ է իրենից ու դժգոհ աշխարհից և այդ դժգոհությունից նա գոհունակություն է ստանում։ Այնպես որ, տղամարդն ինչ էլ անի, միևնույն է, հետևանքների դեմ է պայքարելու, իսկ ստեռվան մի քայլ առաջ է լինելու, քանի որ հատուկ պատճառների կարիք չունի՝ կողքինի կյանքն ուտելու և եթե դրա լեգիտիմ պատճառ չկա, նա դա կստեղծի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել