168.am-ը գրում է.
Այսօր «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց իրենց կողմից ՝ մարտի 2-14-ը կատարած հետազոտության արդյունքները: Հարցման մեթոդը եղել է հեռախոսային, իսկ հարցումներին մասնակցել է 1500 մարդ: Հետազոտության մեջ ներառված են եղել նաև Գյումրու ոճրագործության թեմային վերաբերող հարցեր: Ըստ հարցման արդյունքների՝ հունվարի 12-ին տեղի ունեցած Գյումրու 7 հոգանոց ընտանիքի դաժան սպանության մասին տեղյակ է հարցմանը մասնակցած մարդկանց 99.9%-ը, որից 86%-ը դեպքի մասին տեղեկացել է հեռուստատեսությունից, 34%-ը՝ լրատվական կայքերից, 25%-ը՝ շրջապատից, 10%-ը՝ Ֆեյսբուքից, 3%-ը՝ ռադիոյից:
Հիշեցնենք, որ Վ. Պերմյակովը ձերբակալվել էր հայ-թուրքական սահմանի մոտ և հանձնվել Գյումրու 102-րդ ռազմաբազային: Ըստ հարցման արդյունքների՝ մարդկանց 89%-ը նշել է, որ ձերբակալումից հետո Պերմյակովը պետք է հանձնվեր հայկական կողմին, 4%-ը նշել է՝ 102-րդ ռազմաբազա:
Մարդկանց 40%-ը հարցման ժամանակ նշել է, որ Վ. Պերմյակովը չի գործել միայնակ, նրա հետ եղել է հանցախումբ, 29-%-ը նշել է՝ հանցագործությունն ուղղված էր հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը, 22% նշել է՝ հանցագործությունն Ադրբեջանի՝ Թուրքիայի կողմից կազմակերպված հերթական դիվերսիան էր, 13%-ը նշել է՝ հանցագործությունը կազմակերպված էր արտաքին ուժերի կամ այլ երկրների կողմից, իսկ 11%-ը նշել է, որ դա Պերմյակովի կողմից կատարված ծանր հանցանք է:
Հարցմանը մասնակցած մարդկանց 35%-ը կարծում է, որ Գյումրիում տեղի ունեցած հանցագործության հետաքննությունը պետք է կատարվի հայ քննիչների կողմից, 1%-ը՝ ռուս քննիչների կողմից, իսկ 59%-ը կարծում է՝ հետաքննությունը պետք է համատեղ արվի: Հարցման շրջանակներում մարդկանց 87%-ը նշել է, որ Պերմյակովին պետք է դատել Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի օրենքներով, 11%-ը նշել է, որ Պերմյակովին պետք է դատել ՀՀ-ում՝ Ռուսաստանի օրենքներով, իսկ 2%-ը նշել է, որ Պերմյակովին պետք է դատել Ռուսաստանում՝ Ռուսաստանի օրենքներով:
Ի պատասխան հարցին՝ ինչպե՞ս կընթանա դատավարական գործընթացը, մարդկանց 75 %-ը նշել է, որ հասարակությունն այդպես էլ չի իմանա հանցագործության իրական պատճառների մասին, իսկ 14%-ը նշել է՝ դատավարությունը կընթանա արդար, և հասարակությունը կտեղեկանա բոլոր մանրամասներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



