Tert.am-ը գրում է.

Մուտք

Նախորդ երկու հրապարակումներս («Առաքելություն, որ միավորում է բոլորիս»,«Առավոտ», մարտի 4, 2015) և («Արժեքներ», Тert.am կայք, մարտի 16, 2015), և սույն հոդվածը հրավերներ են մտածելու կրթության հիմնախնդիրների շուրջ: Անընդհատ վերափոխվող աշխարհում մենք կարիք ունենք հստակեցնելու և հասկանալու, թե ինչ մարտահրավերների առջև է կանգնած ժամանակակից կրթությունը և որոնք են հայկական դպրոցի զարգացման ճանապարհն ու հեռանկարը: Որպես մարդու իրագործման ճանապարհ` կրթությունը բոլորիս առաքելությունն ու սպասավորությունն է: Այն կարող է արդյունավետ լինել, եթե մենք պատրաստ ենք խորքային քննարկումների և ունենք վերափոխման նախանձախնդրություն:

Գիտելի՞ք, թե տեղեկատվություն

Ընդունված է կարծել, թե գիտելիքի հասարակական սպասավորը կրթությունն է: Այսինքն` կրթական հաստատությունները գիտելիքի ձևավորման հիմնական դարբնոցներն են, և սովորողներն այնտեղ ձեռք են բերում անհրաժեշտ գիտելիքներ: Մարդիկ հաճախ ճիգ ու ջանք չեն խնայում իրենց երեխաներին կրթելու համար, սակայն, համեստ բացառություններով, հետամուտ չեն լինում պարզելու, թե արդյոք կրթությունը համապատասխանո՞ւմ է իր առաքելությանը և նպատակներին: Ժամանակակից աշխարհում կրթության սահմանները անընդհատ ընդարձակվում են և դուրս գալիս ավանդական ինստիտուցիոնալ պատկերացումների ծիրից: Տեղեկատվական հոսքերի խաչմերուկում հայտնված մարդը սկզբունքային կողմնորոշման կարիք ունի, թե ինչ կարող է ակնկալել սովորելու ավանդական միջավայրերից: Եթե կրթական հաստատությունները չկարողանան վերասահմանել իրենց ինքնությունը, ապա հետզհետե փլուզվելու է նրանց նկատմամբ հասարակական վստահությունը:

Նախևառաջ գիտելիքը պետք է սահմանազատել գիտելիքի մասին սխալ պատկերացումներից: Օրինակ` գիտելիքը շատերի կողմից ակնհայտորեն շփոթվում է տեղեկատվության հետ: Սակայն, ինչպես սերմը դեռ բերք չէ, և տան ճանապարհի սկիզբը դեռ տունը չէ, այնպես էլ տեղեկատվությունից մինչև գիտելիք հսկայական տարածք կա անցնելու: Գիտելիքը արգասիքն է մարդու ամենաբարձր գործառույթի` ճանաչողության, և մի յուրահատուկ սինթեզ է մտածողության ու ապրումի, տեղեկատվական ազդեցությունների ու ներքին ամրագրումների, մշակութային պատկերացումների և սեփական փորձառության: Իսկ դպրոցը` որպես մարդու հիմնական կրթության և ձևավորման համակարգ, արդյո՞ք ծառայում է գիտելիքի ձևավորմանը, թե՞ անպտուղ տեղեկատվությամբ ծանրաբեռնում է սովորողին: Դպրոցը տեղեկատվական բա՞նտ է, ուր որոշակի ժամանակով անստույգ նպատակներով արգելափակում ենք երեխաներին, թե՞ ստեղծագործության, ազատության, նորի բացահայտման և հոգու ներդաշնակության միջավայր: Զավեշտական է, բայց շատ դպրոցներ թե՛ իրենց բովանդակությամբ, թե՛ իրենց ճարտարապետությամբ բանտեր են հիշեցնում, ուր կարծրատիպերով կաղապարում են սովորողների գիտակցությունը և պատրաստում ցկյանս մտածելակերպային բանտարկյալ լինելու:

Ազատություն և ստեղծարարություն

Ճանաչողությունը ազատարար է: Այս է ազդարարում Քրիստոսի խոսքը. «Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ»: Սա նախ նշանակում է, որ ճանաչողության վեկտորն ուղղված է դեպի ճշմարտությունը, և երկրորդ` որ ճանաչողության արդյունքը, այսինքն` գիտելիքը, ազատագրում և լուսավորում է մարդուն: Ազատագրում է բազմաթիվ բաներից` տգիտության խավարից, անորոշության վախից, զգացական խաբկանքներից են: Հետևաբար կրթության նպատակը ճշմարտությանը հետամուտ և ազատ մարդ ձևավորելն է, ով ունի ճանաչողության ճանապարհով անցնելու քաջություն, հանուն ճշմարտության պայքարելու հոգի և ազատագրման նախանձախնդրություն: Միայն այսպես կարելի է ձեռք բերել հավաստի գիտելիքներ և ոչ թե իմացական խաբկանքներ:

Անշուշտ, շատ բաներ մենք ստանում ենք մշակութային ժառանգությամբ: Մենք պետք է շնորհակալ լինենք մեր հայրերին իրենց ավանդած գանձերի համար: Բայց նաև պետք է զգուշանալ սեփական մշակույթի կրավորական սպառողի հոգեբանությունից: Կարևոր է տեսնել սեփական ինքնության էությունը և հասկանալ ավանդների իմաստները: Եթե մաքրենք մեր տեսողությունը, ապա կտեսնենք, որ այն ամենը, ինչ ստացել ենք, արդյունք է հոգու ազատության և արարման, վեհության ու փայլատակումների, պայքարի ու նվիրումի: Այդ ամենը մերն է, եթե ունենք հոգին, և այդ ամենով աղքատ ենք, եթե չունենք հոգին: Անցյալի հարստություններին կարող ենք հաղորդակցվել, եթե ունենք արարման հոգի և շարժվում ենք ճշմարտության ազատարար ճանապարհով:

Ազատությունը սահմանների հաղթահարումն է: Այս առումով ճանաչողության արդյունքը` ճշմարիտ գիտելիքը, բացազատում է դեպի անսահմանությունը և հաղորդակցություն է հավերժի հետ: Այն, ինչ չգիտենք, այլևս սարսափելի չէ, եթե մենք բռնել ենք ճանաչողության և արարման ճամփան: Անհայտը դառնում է մարտահրավեր: Բախի երաժշտության առջև ժամանակի հաղթարշավը կանգ է առնում: Նարեկացու աղոթքի համար տիեզերքն այլևս անսահման չէ: Ժամանակակից գիտական պատկերացումները հեղաշրջել են չափի ու սահմանի, մասի ու ամբողջի մասին դարերով ամրապնդված կարծիքները. ամենափոքր տարրական մասնիկն ամենուր ներկա է տիեզերական անեզրության մեջ և ոչ մաս ունի, ոչ էլ չափ: Իսկ ամբողջը ոչ թե մասերի համադրություն է, այլ էապես նոր վիճակ:

Առաքինությունները որպես գիտելիքի հիմք

Ճանաչողությունը և բարոյականությունը անբաժանելի ուղեկիցներ են: Հատկապես երբ մենք խոսում ենք կրթության ճանապարհի մասին: Առաքինությունները մարդու ճանաչողության հիմնարար ազդակներն են: Դեպի ճշմարտություն ընթանալու համար մեզ պետք է իմաստություն, որպեսզի տեղեկատվական տարափը իմաստների հետ չշփոթենք և գործով արդյունավորենք գիտելիքը: Մեզ պետք է արիություն, որպեսզի անհունը գրկելուց չերկնչենք: Մեզ պետք է ողջախոհություն, որպեսզի զգացական աղմուկի մեջ հավաքենք ինքներս մեզ և լսենք հավիտենության ու ներդաշնակության նուրբ ձայնը: Մեզ պետք է արդարություն, որպեսզի ազնվորեն գնահատենք ինքներս մեզ և դիմացինին` մարդու մեջ տեսնելով Աստծուն և ինքներս մեզ: Հավատքը հիմքն ու վստահությունն է անբովանդակելին բովանդակելու, անսահմանելին սահմանելու, պահի մեջ հավերժությունը ճաշակելու: Հույսը գալիքի ներկայությունն է և ժամանակի սանձումը: Սերը բարիքների լրումն է, կյանքի ամբողջությունը և Աստծո հետ միավորումը:

Լեզու և լեզվամտածողություն

Մարդը բանական, այսինքն` խոսքով օժտված էակ է, և խոսքը մարդու բարձրագույն կարողությունն է և ճանաչողության հիմնական գործիքը: Ըստ քրիստոնեական աստվածաբանության` Ինքն Աստված մեզ հայտնվում է որպես Խոսք. «Սկզբում Խոսքն էր, և Խոսքը Աստծո մոտ էր, և Աստված էր Խոսքը»: Այսինքն` խոսքը աստվածայինի ներկայությունն է մարդու մեջ: Հետևաբար լեզուն մարդկային ինքնության հիմքն է: Բանավոր և գրավոր խոսքը, լեզվամտածողությունը և լեզվարվեստը ցուցիչներն են մեր ով լինելու: Իսկ կրթության գլխավոր առաքելությունը սովորողի խոսքի կարողության զարգացումն ու կատարելագործումն է, ընդհանուր առմամբ` լեզվական մշակույթի ձևավորումը: Սակայն ինչպե՞ս ենք այսօր մենք խոսում կամ գրում: Ինչպե՞ս ենք տրամախոսում և հիմնավորում: Ո՞ւր են մեր խոսքի գեղեցկությունը և ներդաշնակությունը: Հետզհետե լեզուն հոգեզրկվում է, բանավոր աղմուկը դառնում է գերիշխող, և մենք հրաժեշտ ենք տալիս խոսքի երաժշտությանը: Խնդիրը համալիր և ամբողջական լուծում է պահանջում: Հասարակությունը պետք է արժևորի խոսքը, իսկ կրթությունը պետք է թոթափվի կաղապարային մոտեցումներից և չոր կանոնապաշտությունից: Մենք կարիք ունենք հասկանալու, որ լեզուն կենդանի էկոհամակարգ է, և սովորողի համար որոշիչ է, թե ի՛նչ ենք իրեն տալիս համեմատությունների մեծ ընտրանի ունեցող կյանքում:

Կրթության առանցքը կամ իմաստների միջուկը

Մի կարևոր հարցադրում ևս. ինչի՞ շուրջ է հավաքված այսօր կրթությունը մեզանում և առհասարակ: Հետզհետե ավելանում է տեղեկատվության ծավալը: Առարկաները մասնատում են մարդու գիտակցությունը, և մարդը կորցնում է ամբողջության գիտակցությունը: Մենք մոլորվում ենք մանրամասների մեջ և կորցնում մեծ պատկերի զգացողությունը: Գիտակցության պառակտման այս անկասելի գրոհը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, և մարդը կարող է վերջնականապես կորցնել երջանկության զգացողությունը: Բայց բոլորս ուզում ենք և պատրաստ ենք ոչինչ չխնայել, միայն թե մեր երեխաները երջանիկ լինեն: Ուրեմն բոլորս կարիք ունենք հասկանալու, թե որոնք են կրթության առանցքը, իմաստաբանական միջուկը և ընդհանրացնող գործառույթը: Դարերով այդ առանցքը եղել է փիլիսոփայությունը: Մարդիկ սովորել են տարբեր առարկաներ, բայց միշտ ունեցել են ընդհանրացնելու և իմաստասիրելու գործիքներ: Դժվար է անգամ գնահատել, թե ինչ կորցրեց կրթությունը, երբ հրաժարվեց իմաստակենտրոնությունից և իմաստասիրությունից: Կարողացա՞վ գտնել մի արժանի բան, որ կփոխարիներ Պլատոնի երկխոսությունները: Միանշանակ` ոչ:

Անելիքներ

Ժամանակն է վերաիմաստավորելու կրթությունը: Առարկայական ծրագրերը կարիք ունեն լուրջ վերանայման և բեռնաթափման, իսկ կրթության գիտելիքային վեկտորը պետք է ուղղված լինի դեպի բարձր մտածողական հմտությունների զարգացումը և ստեղծարարությունը (այս մասին միայն խոսում ենք, և էական տեղաշարժ չկա): Սովորողի բարոյական աճն ու զարգացումը պետք է դրված լինի կրթության հիմքում, և կրթական ծրագիրը պետք է հստակորեն սահմանի սովորողի բարոյական վերջնարդյունքները և ունենա դրանց հասնելու մանրազնին քարտեզագրված ճանապարհ: Հարկ է հիմնովին վերանայել լեզվի ուսուցման ծրագրերը և լեզվամտածողության զարգացումը դարձնել կրթության ռազմավարություն: Գիտելիքի բազմազանության և տարամիտումների պայմաններում կենսական անհրաժեշտություն է միջառարկայական կապերն ամրապնդող և ընդհանրացնող իմաստակենտրոն միջուկի և ճանաչողական առանցքի ձևավորումը:

Վերջաբան

Առանց բացարձակ պնդումներ անելու հավակնության փորձեցի մատնանշել մի շարք կարևոր անելիքներ` հասկանալով, որ գործողությունների ցանկն ընդարձակելի է: Մի բան հստակ է, որ կրթությունը կենդանի իրողություն է և կարիք ունի անընդհատ վերանայման: Ո՛չ անցյալի պատրանքները, ո՛չ էլ ապագայի չհիմնավորված վստահությունը մեզ լավ արդյունքի չեն բերի: Թե՛ անցյալը, թե՛ ապագան մարտահրավերներ են: Հետևում բացթողումների, իսկ առջևում հնարավորությունների անդունդներ են: Այն, ինչ ունենք, ներկան է, որը կարող է դառնալ պտղաբեր հարթակ` թռչելու անդունդների վրայով:

Մեսրոպ քահանա Արամյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել