Գերեզմանոցից տուն գալիս աղջկաս հետ նստեցինք առաջին պատահած կարմիր գույնի տաքսին։ Գոտին էի ամրացնում, երբ նկատեցի, որ վարորդի կողքին՝ «ռուչնոյ տոռմուզի» մոտ դրված է Սելինջերի գիրքը։ Վերցրի, թերթեցի, ասացի, որ միայն մեկն եմ կարդացել՝ «Տարեկանի արտում, անդունդի եզրին»։ Վարորդը թե՝ ես արդեն պատմվածքներին եմ հասել։ Հետո ասաց, որ դրա ֆիլմն էլ կա, ու ինձ խորհուրդ տվեց անպայման նայել։ Ասացի՝ լավ ու ավելացրի, որ «Արքայի ողջ թիկնազոր»-ն էլ է շատ հետաքրքիր, համ էլ կինոն կա։ Վարորդն ասաց, որ դա վաղուց կարդացել է, բայց կինոն չի նայել. խոստացավ անպայման լրացնել այդ բացթողումը։ Պարզվեց գրանցված է Իսահակյանի անվան գրադարանում, տանը 1000-ից ավելի գիրք ունեն՝ հորից ժառանգած։ Վերջում մի քանի գիրք էլ ինքը խորհուրդ տվեց կարդալ, որոնք չէի կարդացել։ Հետո մի քիչ Games of Thrones-ից խոսեցինք։ Ասաց, որ մի քանի սերիա նայել է, բայց եթե գիրքը հայերեն լույս տեսնի, հաճույքով կկարդա (Ես արդեն պատմել էի, որ Զորիկ Գալստյան-ի նախաձեռնությամբ այն թարգմանվում է)։ Վերջը՝ տեղ հասանք, իջանք։
Աղջիկս թե՝ Ես ըսենց վարորդ չէի տեսել։ Ասացի, որ ես էլ չէի տեսել։
Ահա թե ինչեր են պատահում Հայոց աշխարհում: