Այսօր ՄԵՌԵԼՈՑ է` ննջեցյալների հիշատակության օր, երբ բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում և հոգեհանգիստ կատարվում: Ուղղափառ մտածողության համաձայն` ննջեցյալները նույնպես Եկեղեցու մեկ մասն են, և այս հարության օրերին առավել իմաստավորվում է այս իրողությունը, քանզի Տիրոջ հարությամբ այլևս մահն իշխանություն չունի մարդու վրա: Ինչպես Հիսուս հարություն առավ, այնպես էլ մենք մեկ օր հարություն պիտի առնենք: Առանց այս հարության հավատքի, չկա քրիստոնեություն: Ի՞նչ անել այս օրը. անպայման պետք է գնալ եկեղեցի, մասնակցել Ս. Պատարագին, մեր ննջեցյալների անուները գրել և տալ պատարագիչ հոգևորականին, որպեսզի նա սրբազան արարողության ժամանակ նրանց հիշի: Ապա գնալ գերեզմաններ, խունկ ծխել և աղոթել: Պետք է հիշել, որ ննջեցյալների համար երկու բան կարող ենք անել երկրի վրա` մշտամնա ԱՂՈԹՔ նրանց հոգու հանգստյան համար և խնդրանք, որպեսզի Աստված նրանց Իր անբավ ողորմությամբ դատի, ինչպես նաև նրանց ՀԻՇԱՏԱԿԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ: Քանի դեռ մենք հիշում ենք մեր ննջեցյալներին, նրանք կենդանի են մեզ համար: Աստված թող ողորմի մոր բոլոր ննջեցյալներին, իսկ մեզ պարուրի հարության հույսով և ավետիսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել