
1in.am-ը գրում է.
Հայաստանում հաճախ են հնչում հարցադրումներ, ըստ որում` և՛ հասարակական, և՛ ընդդիմադիր քաղաքական շրջանակներից, որ Հայաստանի իշխանությունները բացարձակապես անզոր են ներկայացնել Հայաստանի շահերը արտերկրում, արտաքին քաղաքական որևէ ասպարեզում:
Սրա հետ չհամաձայնելը, մեղմ ասած, դժվար է: Այս խնդիրը հաճախ է սկսել շոշափվել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համատեքստում, որտեղ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Հայաստանն, այսպես ասած, անկյուն կանգնածի կարգավիճակում է հայտնվել, և այստեղ հարցերը քննարկվում են առանց մեր երկրին որևէ դեր կամ նշանակություն հատկացնելու: Եվ սրա պատասխանատվությունն ակնհայտորեն ընկնում է իշխանությունների վրա, քանի որ ինչ քաղաքական վարքով նրանք աչքի են ընկնում, ըստ այդ վարկի էլ ստանում են արձագանք որևէ արտաքին կառույցում, մասնավորապես` ԵՏՄ-ում, որը Հայաստանի համար դարձել է միակ կառույցը, քանի որ այս կառույցն է կանխորոշում մյուս բոլոր կառույցների հետ աշխատանքի սահմանները:
Սակայն ինչպես ցանկացած կարևոր խնդիր, սա էլ պահանջում է իրավիճակի համալիր գնահատում և դիտարկում: Եվ այս առումով մենք տեսնում ենք, որ պակաս հրատապ չի դառնում նաև հարցադրումը` կապված Հայաստանի շահերը արտաքին հարցերում պաշտպանելու ունակ ընդդիմության առկայության հետ: Հայաստանում կա՞ նման ընդդիմություն, որը պատրաստ է Հայաստանի շահերն արտաքին հարցերում ներկայացնել այնպես, ինչպես հարկն է, ի տարբերություն պատեհապաշտ և աթոռապաշտ իշխանությունների: Վերջին հաշվով, թեև զուտ գործադիր լծակներն ու իրավասությունները, որոշումներ կայացնելու լծակները պատկանում են իշխանություններին, այնուամենայնիվ, ցանկացած երկրի համար շատ կարևոր է նաև արտաքին հարցերում ընդդիմության կամ ընդդիմությունների դիրքորոշումը: Ավելին` այդ դիրքորոշումները հաճախ կարող են ազդել նաև իշխանությունների վրա` ստիպելով նրանց համապատասխանել պետական շահերին:
Շարունակությունն՝ այստեղ



