1in.am-ը գրում է.
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ ավարտվել է Մարիամ Մ.-ի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի օգոստոսի 7-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում 3 անչափահաս երեխաների մայր, 30-ամյա Մարիամն իրենց տանը վիճաբանել է ամուսնու՝ Մամիկոնի հետ:
Մամիկոնը տանը հաց ուտելուց որոշ ժամանակ անց կնոջից պահանջել է, որ նա կերակուր պատրաստի:
Մարիամը կերակուր չի պատրաստել՝ պատճառաբանելով, թե տանը եփելու բան չկա:
Մամիկոնը վիճել է Մարիամի հետ, հայհոյել է նրան ու ծեծել, ապա հրել-գցել է տան մուտքի դռան մոտ:
Մարիամը, ամուսնու ծեծից ու հայհոյանքներից վրդովված, դռան մոտ թափված քարերից մեկը վերցրել ու հարվածել է ուղիղ ամուսնու ձախ աչքին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ տեսողական օրգանի ֆունկցիայի կորստով:
Մարիամ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Մարիամ Մ.-ն դատարանում իրեն մեղավոր է ճանաչել ու հայտնել է, թե դեպքի օրը՝ ժամը 22-ն անց 40 րոպեին, ամուսինը տուն է եկել: Իրենք հաց են կերել: Ամուսինը պառկել է միջանցքում դրված բազմոցին, որ հանգստանա:
Ժամը 1-ի սահմաններում ամուսինն արթնացել ու ասել է, թե սոված է, և պահանջել է, որ ինքը նորից կերակուր պատրաստի: Ինքն էլ ասել է, թե կերակուր պատրաստելու համապատասխան սննդամթերք չունեն:
Ամուսինը հայհոյել է իրեն, ձեռքով 4 անգամ հարվածել է իր գլխին, հետո էլ հրել է: Ինքն ընկել է տան շեմին:
Ամուսնու հայհոյանքների ու ծեծի պատճառով ինքը վրդովվել է, շեմքի մոտից քար է վերցրել ու հարվածել է ամուսնու ձախ աչքին: Մամիկոնը ձեռքը դրել է վնասված աչքին, նստել է բազմոցին, իսկ քիչ անց քնել է:
Դեպքից հետո ամուսնու մայրն իմացել է, որ ինքը քարով խփել ու վնասել է ամուսնու աչքը, սպառնացել է, թե դիմելու է ոստիկանություն: Ինքն էլ պատասխանել է, թե ինքնակամ կհայտնի ոստիկանությանը:
Նույն օրը՝ 2014 թվականի օգոստոսի 13-ին, ինքը զանգել է 1-02 համարով ու հայտնել է իր կատարածի մասին:
Տուժող Մամիկոնն ասել է, թե կնոջ հարվածից հետո աչքից արյուն է եկել, բայց ինքը չի պատկերացրել, որ վնասվածքը լուրջ է, պառկել ու քնել է: Մի քանի օր հետո մոր հետ գնացել է Երևանի «Մալայան» ակնաբուժական կլինիկա ու ստացել է բուժում:
Ամբաստանյալ Մարիամի սկեսուրը հայտնել է, թե օգոստոսի 8-ին որդին զանգել է իրեն ու ասել է, որ կինը քարով հարվածել է իր աչքին, վնասել է աչքը: Նա խնդրել է իրեն հիվանդանոց տանել:
Ինքն անմիջապես գնացել է նրանց տուն, տեսել է, որ Մամիկոնի աչքն ուռած ու կապտած է: Հարսին հարցրել է՝ ինչո՞ւ է հարվածել ամուսնու աչքին: Մարիամը պատասխանել է, թե Մամիկոնը վիճել է, դրա համար է խփել:
Ինքը տուն է գնացել, գումար է վերցրել, ապա որդուն տարել է Երևան՝ ակնաբուժական կլինիկա, որտեղ ասել են, թե որդու աչքը պիտի վիրահատեն:
Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ տուժող Մամիկոնին պատճառվել է ձախ ակնագնդի երկրորդ աստիճանի կոնտուզիա՝ ոսպնյակի ենթահոդախախտի ձևով՝ ուղեկցված՝ տեսողության իջեցումով՝ մինչև մատների շարժում՝ դեմքի մոտ: Մամիկոնի առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ տեսողական օրգանի ֆունկցիայի կորստով:
Դատարանը հաշվի է առել, որ Մարիամը գյուղի համայնքի կողմից դրական է բնութագրվել, դեպքը տեղի է ունեցել ընտանեկան, կենցաղային պատճառներով, տուժողը բողոք չի ներկայացրել, ամբաստանյալի խնամքին են մինչև 14 տարեկան 3 երեխաները:
Մարիամ Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան: