ՀՀ ռազմական ղեկավարությունը վարում է համարձակ և նախաձեռնողական քաղաքականություն. Սեյրան ՕհանյանYerkir.am-ը գրում է.

Ապրիլի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրների և հաստատության շրջանավարտների հետ: Հանդես գալով ողջույնի խոսքով և պաշտպանության նախարարին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը կարևորեց նմանաբնույթ միջոցառումների անցկացումը առկա մարտահրավերների պայմաններում:  

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց Հայաստանի պաշտպանական քաղաքականությունն ու ռազմավարությունը՝ որպես արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչ:

Սեյրան Օհանյանը ունկնդիրների հետ զրուցեց Հայաստանի պաշտպանական քաղաքականության խնդիրների, ռազմաքաղաքական դիրքորոշումների, ազգային ու միջազգային երաշխիքների, պաշտպանության ռազմավարական հերթական վերանայման գործընթացի դրույթների և առհասարակ՝ բանակաշինության ոլորտում կատարվող առանցքային բարեփոխումների մասին:   Խոսելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների, առկա ներքին ու արտաքին մարտահրավերների մասին՝ նախարարը փաստեց, որ ՀՀ ռազմական ղեկավարությունը վարում է համարձակ և նախաձեռնողական քաղաքականություն՝ հիմքում դնելով զինված ուժերի մարտական կարողությունների առավել զարգացման, դաշնակցային և գործընկերային հարաբերությունների ընդլայման, բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործունեությունը: Դասախոսության ավարտին ծավալվեց նաև ակտիվ քննարկում, որի ընթացքում Սեյրան Օհանյանը պատասխանեց ներկաներին հուզող բոլոր հարցերին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել