Tert.am-ը գրում է.
Ինձ համար զինվորը պետք է երեք հատկանիշ ունենա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՍԱԼԱ-ի մարտիկ Գևորգ Յազճյանը: «Առաջնահերթ պետք է զինվորը լինի լավ սպառազինված, որի համար անհրաժեշտ է իրապես տուրքեր, հարկեր վճարենք, որոնք պետք է ճիշտ տեղը գնան, պետք է զինվորը տիրապետի այդ սպառազինությանը` լավ ու պրոֆեսիոնալ կերպով: Երրորդը` առավել կարևոր հատկանիշը, դիմադրելու ոգին ունենալն է, իմանալ թե ինչու ես դու այդ ճակատում, ում ես պաշտպանում, կամ ով ես դու, ով է քո թշնամին: Այդ դեպքում չի էլ հետաքրքրի դիմացինը կլինի հարյուր, թե տասը հոգի»,-ասաց նա:
Գևորգ Յազճյանը գտնում է, որ վերոնշյալ հատկանիշները կան այսօր մեր տղաների մեջ:«Այսօր զոհվող տղաները ծնվել են անկախության ժամանակաշրջանում, ուրեմն անհրաժեշտ դաստիարակությունը ստացել են»,- ասաց նա և նկատեց նաև, որ դրան զուգահեռ կա հակաքարոզչություն, երբ կարևորվում է նյութապաշտությունը:
«Ընտանեկան դաստիարակությունը մեծ տեղ է գրավում զինվոր դառնալու հարցում»,-ասաց նա և ճիշտ համարեց, երբ Պաշտպանության նախարարը, պաշտոնատար անձիք մեծ խոնարհում են հայտնում զինվորների ծնողներին և դաստիարակած ուսուցիչներին:



