4 տարի նկարահանվելով Դիանա Գրիգորյանի նախագծերում, ինձ միշտ հարմարավետ եմ զգացել իր մոտ. Իրինա ՀարությունյանLife.panorama.am-ը գրում է.

Հեռուստադիտողը, երկար ժամանակ էկրաններին հետևելով այս կամ այն դերասանի աշխատանքին, նախագծի ավարտից հետո երբեմն սկսում է անհանգստանալ. ի՞նչ են անելու այս դերասանները, ինչո՞վ են զբաղվելու: Life.Panorama.am-ը զրուցեց օրեր առաջ ավարտված  «Հարազատ թշնամի» հեռուստասերիալի դերասանուհիներից Իրինա Հարությունյանի հետ: «Սերիալն ավարտվեց, բայց դերասանի համար աշխատանքը երբեք չի ավարտվում: Պատրաստվում եմ իմ փրադաքշնով նորից նոր ներկայացում բեմադրել, սակայն դեռևս փակագծեր չեմ բացի, քանի որ դերասանների ընտրությամբ ենք դեռ զբաղված»,-նշեց մեր զրուցակիցը:

Մեր այն հարցին, որ արդեն մի քանի տարի է՝ էկրաններին է, արդյոք չի պատրաստվում որոշակի սերիալային դադար վերցնել, դերասանուհին զարմացած պատասխանեց. «Ինձ զարմացնում են այն դերասաններն, ովքեր ասում են՝ կարճատև դադար եմ ուզում վերցնել: Այդ արտահայտությունը չեմ ընդունում: Դերասանն ընդհանրապես դադար վերցնելու իրավունք չունի: Ինքս դադար չեմ հայտարարել և երբևէ չեմ էլ հայտարարի, սիրով եմ նկարահանվում: Իմ ստեղծագործական կյանքում միշտ այսպես է եղել. եթե էկրաններից բացակայել եմ, նշանակում է՝ լուրջ անձնական խնդիր եմ ունեցել իմ կյանքում: Այժմ նման անհանգստություն չունեմ ու պատրաստ եմ սիրով աշխատել, թեկուզ՝ հենց հիմա»:

Ի. Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ պատրա՞ստ է հեռուստաալիքի փոփոխություն կատարել, թե չի՞ ցանկանում «դավաճանել» հարազատ դարձած «Արմենիա TV»-ին. «Բնականաբար, չեմ ցանկանա իմ շատ սիրելի հեռուստաընկերությանը դավաճանել, քանի որ անձնակազմն ինձ շատ հարազատ է դարձել: Սակայն, բնականաբար, եթե նոր առաջարկներ չստանամ այնտեղից և լինեն առաջարկներ այլ հեռուստաընկերություններից, մոտեցումս կվերանայեմ: Որքան էլ քննադատեն, պետք է ասեմ, որ 4 տարի նկարահանվելով Դիանա Գրիգորյանի նախագծերում, որպես սցենարիստ շատ գոհ եմ իրենից, ինձ միշտ հարմարավետ եմ զգացել իր մոտ: Շնորհակալ եմ իրենից, քանի որ իմ կյանքի որոշ դժվար պահերի ինձ ձեռք մեկնեց ու աջակցեց: Այնպես որ, եթե առաջարկ լինի՝ մնալ  «Արմենիա TV» -ում, նույնիսկ չեմ քննարկի այդ հարցը: Առանց մեկ վայրկյան մտածելու՝ կհամաձայնեմ»:

Դերասանուհին և սցենարիստը դեռևս ոչինչ չեն պայմանավորվել: Մեր զրուցակիցը վստահ է, եթե նոր նախագծում իր համար տեղ գտնվի, կերպար գտնվի, ապա Դիանա Գրիգորյանը իրեն չի մոռանա. «Գիտեմ, որ նա հիմա շատ զբաղված է, նոր նախագիծ է պատրաստում՝ հաղորդման տեսքով: Նա այն մարդն է, որ երբեք աշխատանքն ու անձնականը միմյանց չի խառնում: Որքան էլ դերասանների հետ լավ հարաբերությունների մեջ լինի, բոլորովին պարտադիր չէ, որ նույն դերասանները նկարահանվեն նրա սերիալներում: Եվ դա բոլորիս էլ գոհացնում է: Երբ կգրի նոր սցենար և կգտնի, որ ես կամ մեր նախորդ կազմից որևէ մեկը շատ ավելի ճիշտ կմատուցի այս կամ այն դերը, կհրավիրի: Եթե դերասանն իր խաղով իրեն գոհացնում է, հնարավորություն է ունենում հանդես գալ նաև մյուս գործերում… Այնպես որ, երբեք ու ոչինչ չի քննարկվել, ամեն ինչ պարզ կլինի հետագայում: Դեռևս նոր առաջարկ չունեմ, բայց սիրով սպասում եմ»:

 Արդյոք դերասանուհուն չի՞ անհանգստացնում սերիալների՝ տարիներով ձգձգվելու հանգամանքը. չկա՞ հեռուստադիտողին ձանձրացնելու, կամ կերպարի մեջ մնալու վտանգը: «Ոչ, ինչո՞ւ պետք է անհանգստանամ, ի վերջո ես դերասան եմ չէ՞: Սցենարիստն այնպիսի կերպարներ է կարողացել զարգացնել, որ հեռուստադիտողը մինչև վերջին սերիան հետաքրքրությամբ սպասի հերոսների «վերջին կանգառին»: Եթե հեռուստադիտողը հերոսներից ձանձրանար, վերջին օրով սերիալն այդպիսի մեծ ռեյտինգ չէր ունենա: Այնպես որ, ես վախեր չունեմ»,-Life.Panorama.am-ի հետ զրույցը եզրափակեց Իրինա Հարությունյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել