Life.panorama.am-ը գրում է.
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգչուհի Նադեժդա Սարգսյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ շատ սրտնեղած է, որ դարձյալ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին ընդառաջ, իր բնորոշմամբ, հայերին հատուկ կերպով քննարկում են հայկական կողմի մասնակիցներին և ներկայացվող երգը:
«Մենք միշտ բաժանվել ենք երկու բանակի, միակ երկիրն ենք, որ մեր մասնակիցներին քարկոծելով ենք ուղարկում այս մրցույթին, ես ուզում եմ բոլորին ասել, բավական է, ամոթ է»,- նշեց Նադեժդա Սարգսյանը:
Երգչուհին ընդգծեց նաև, որ տպավորված է «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթին մասնակցող հայաստանյան երգի և խմբի գաղափարով, ըստ իրեն Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի «Face The Shadow» երգը արտահայտում է աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայերի ցավը. «Հավաքել տարբեր երկրների տաղանդավոր հայերին ու երգել Հայոց ցեղասպանության մասին՝ հրաշալի գաղափար է: Սա այն թեման է, որը իմ սրտին է մոտ և առհասարակ բոլորիս սրտին է մոտ: Շատ եմ ուզում, որ վերջապես ավելի դրական մտածենք, պետք չէ ուրախացնենք մեր թշնամիներին: Փառք Աստծո, որ կանք ու ստեղծվել է նման երգ»,-զրույցը եզրափակեց Նադեժդա Սարգսյանը: