Tert.am-ը գրում է.
Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Tert.am-ի հետ զրույցում դրական գնահատեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի` հայ և ամերիկյան բիզնեսների երկկողմ կապերն ու տնտեսական հնարավորությունները խորացնելունախաձեռնությունը, և ընդգծեց, որ դա բխում է ՀՀ շահերից:
«Ամերիկյան կառավարության մակարդակով արդեն շոշափելի են արդյունքները, կարծում եմ` շուտով շոշափելի արդյունքների ականատես կլինենք նաև Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ակտիվացման և զարգացման առումով: Ցավոք, այսօրվա դրությամբ Հայաստան-Արևմուտք, նկատի ունեմ` ԱՄՆ, ապրանքաշրջանառությունը դեռ առաջնային տեղում չէ: Եվ այս առումով այնպիսի տնտեսություն, ինչպիսին ունի ԱՄՆ-ը և հաշվի առնելով նաև Միացյալ Նահանգներում մեր սփյուռքի առկայությունը ու պոտենցիալը, եղածը բավարար չէ »,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը և ավելացրեց. «Ողջունելի եմ համարում թե՛ նախկին դեսպանի օրոք սկսված գործընթացը, թե՛ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինի՝ Հայաստանի հետ տնտեսական և ռազմական համագործակցության բարելավման վերաբերյալ փետրվարին արված հայտարարությունը, իսկ այժմ էլ ակնհայտ է դառնում, որ նոր դեսպանը ևս այս հարցում հետամուտ է լինելու»:
Սրա ամենավառ ապացույցը, ըստ Խաչատուր Քոքոբելյանի, HSBC բանկում կազմակերպված 14-րդ Առևտրի ֆինանսավորման ակադեմիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի և հայ գործարարների հանդիպումն էր, որտեղ դեսպանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ առևտրային հարաբերություններն աշխուժացնելու առաջնահերթությունները: Խաչատուր Քոքոբելյանի տպավորությամբ և նաև հանդիպման մասնակիցներից ստացված տեղեկատվության համաձայն, բոլորը ամերիկյան կողմի այս նախաձեռնությունից դրական ազդակներ են ստացել` հատկապես նրանք, ովքեր ձգտում են նոր շուկաներ դուրս գալ ու հասկանում են, որ նորագույն ինովացիաների դարաշրջանում Հայաստանին ուղղակի անհրաժեշտ է նմանատիպ նախաձեռնություններն ու հարաբերությունները:
Հիշեցնենք, որ դեսպան Միլսը երեկ Երևանում հայտարարեց նաև, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի իր առաջնահերթություններից է բիզնեսի և առևտրային հարաբերությունների զարգացումը մեր երկու երկրների միջև:
Հիշեցնենք, որ երբ տարեմուտին Հայաստան ժամանելով` Ռիչարդ Միլսը շատ ակտիվ ներգրավվեց իր աշխատանքներին`ՀՀ-ում ընդամենը 36 օր գտնվելով , անմիջապես ձեռնամուխ եղավ մեր երկրում ընթացող ներքաղաքական գործընթացների մեկնաբանմանը: Ինչը տեղիք տվեց, որ առանձին քաղաքագետներ հայտարարեին, որ ԱՄՆ-ը Հայաստանում, մասնավորապես, և տարածաշրջանում, ընդհանրապես, ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն է վարում: Քանի որ նույնկերպ էլ Բաքվում իր աշխատանքներն էր սկսել ԱՄՆ նորանշանակ դեսպանը:
Ի պատասխան հարցին, թե արդյոք Երևանը հիմա այնքան ինքնուրույնություն ունի ԵՄ-ի հետ նոր փաստաթուղթ ստորագրելու համար, մանավանդ, որ հնչում են կարծիքներ, որ ԱլԳ Ռիգայի գագաթնաժողովից առաջ Հայաստան-ԵՄ փաստաթուղթը համաձայնեցվում է ռուսական կողմի հետ, իսկ որոշ մեկնաբանների գնահատմամբ էլ ՌԴ պետդումայի խոսնակը Երևանում գտնվելով հասկացնել է տվել, որ ԵՄ-ի հետ Հայաստանը «խաղեր չտա», Խաչատուր Քոքոբելյանը նախ Նարիշկինի հայտարարությունը գնահատեց որպես ոչ կոռեկտ և որպես ճնշում` ավելացնելով. «Նարիշկինի հայտարարությունն ակնհայտ անթույլատրելի միջամտություն է ռուսների կողմից գործընկեր պետության` Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Սա նաև համարում եմ քարոզչական ճնշում, որովհետև գաղտնիք չէ, որ ՌԴ-ի այս ծանրագույն տնտեսական պայմաններում Ռուսաստանը պետք է փորձի մյուսներին էլ իր հետ փոխկապակցի» :
Վլադիմիր Պուտինի` միասնական արժույթ ստեղծելու առաջարկն էլ Խաչատուր Քոքոբելյանը դիտարկեց հենց այս համատեքստում: Սակայն նա նաև ընդգծեց, որ ռուսական կողմն առնվազն պարտավոր է հասկանալ, որ Հայաստանն իր տնտեսության զարգացման համար պարտավոր է գործել ազատ և որևէ կերպ չպետք է կաշկանդված լինի Խ. Քոքոբելյանի բնորոշմամբ` գոյություն չունեցող ԵՏՄ-ով: Ավելին`ըստ Քոքոբելյանի, Հայաստանը պետք է գործի ինքնուրույն և կարողանա նոր շուկաներ դուրս գալ` հաշվի առնելով, որ այսօրվա դրությամբ առևտուրը Ռուսաստանի հետ զրոյական է:
Ազատ դեմոկրատների նախագահը նաև նկատեց, որ Հայաստանին, ինչպես նաև Վրաստանին այլ զարգացած շուկաներից հեռու պահելու Ռուսաստանի փորձերն այս անգամ հաջողությամբ չեն պսակվելու:



