Եգիպտացիների մասին մտածելիս առաջին բանը, որ գալիս է մեր մտքին, բուրգերը, Սֆինքսն ու Թութանհամոն փարավոնն են, սակայն եգիպտացիները միայն ցնցող հուշարձաններ չէ, որ կառուցել են, նրանք նաև մի շարք առօրյա իրեր են ստեղծել, որոնք, ժամանակակից աշխարհում օգտագործելով, հաճախ թերագնահատում ենք։
5 Ատամի մածուկ

Հին Եգիպտոսում առողջ ատամներ պահպանելն այնքան էլ հեշտ չէր, սակայն եգիպտացիները լավագույնն էին անում իրենց բերանի խոռոչի առողջության համար։ Պեղումների արդյունքում հին եգիպտական դամբարաններում ատամի փայտիկներ են հայտնաբերվել, բացի այդ, ինչպես պարզվում է, եգիպտացիներն իրենց սեփական ատամի մածուկն են ստեղծել՝ ատամները հնարավորինս առողջ պահելու համար։
Եգիպտական ատամի մածուկի բաղադրության մեջ մտնում էին զմուրս, ձվի կեղև, պեզա և եզան սմբակներ, սակայն մեր թվարկության չորրորդ դարի հնություն ունեցող ձեռագրերի մեջ նկարագրվող բաղադրատոմսը համարվում է ատամի մածուկի աշխարհի առաջին բանաձևը։ Իսկ դրա մեջ եգիպտացիներն ավելացնում էին աղ, անանուխ, չորացրած հիրիկի ծաղիկ և պղպեղ։
Պետք է նշել, որ այսօր ատամնաբույժները հավատացած են, որ հիրիկն արդյունավետորեն պայքարում է բերանային խոռոչի հիվանդությունների դեմ։
4 Անանուխի կոնֆետներ

Ի՞նչ կանեինք մենք այսօր առանց Տիկ-տակի կամ Մենթոլի՝ սուրճը վայելելուց հետո շնչառությունը թարմացնելու համար։ Դրանց գոյության համար էլ մենք կարող են շնորհակալ լինել եգիպտացիներին։ Ինչպես երևում է, Եգիպտոսում ատամների հետ կապված խնդիրներն իսկապես մեծ էին հին ժամանակներում։
Հացը, որն ուտում էին քաղաքացիները, լի էր ավազի հատիկներով ու այլ նյութերով, որոնք արագ վնասում էին ատամները։ Եվ եթե նրանք բավականաչափ հոգ չտանեին իրենց ատամների մասին (ատամի մածուկից զատ), ապա դա արագորեն կհանգեցներ ատամների քայքայմանը։ Սա նշանակում էր, որ նրանց շնչառությունն այնքան էլ լավը չէր, իսկ վատ շնչառությունը հաճախ ցածր եկամտի նշան էր։ Այսպես նրանք փորձեցին պայքարել դրա դեմ՝ աշխարհի առաջին անանուխի կոնֆետը ստեղծելով։ Անանուխի այս կոնֆետները հիմնականում դեղահաբերի ձև ունեին ու իրենց մեջ պարունակում էին կնդրուկի, զմուռսի, դարչինի և մեղրի եփուկ։ Այս կոնֆետն արդյունավետորեն ազդում էր բերանի վատ հոտի դեմ։
3 Դռան փական

Եգիպտացիներին պետք է շնորհակալություն հայտնել նաև այն բանի համար, որ այսօր կարողանում ենք ապահով փակել մեր բնակարանների դռները։ Աշխարհի ամենահին կողպեքը 4000 տարվա պատմություն ունի և հայտնաբերվել է եգիպտական բնակավայրի պեղումների ժամանակ։ Այն իրենից ներկայացնում էր փայտե սողնակ, որի մեջ անցքեր էին բացված՝ սեպեր անցկացնելու նպատակով։ Դռան բանալին սեպերի շարքով մեկ այլ առարկա էր, որը բարձացնում էր կողպեքի ներսի սեպերը, երբ այն անց էր կացվում դրա մեջ։ Հռոմեացիները հետևեցին եգիպտացիների փայտյա կողպեքների օրինակին ու ստեղծեցին արդեն մետաղյա կողպեքներ։ Եգիպտական կողպեքների նախագծման համակարգը նման է կողպեքների այն համակարգին, որը դեռևս օգտագործում ենք ժամանակակից աշխարհում։
2 Սափրվելը

Նրանք, իհարկե, չունեին մերօրյա էլեկտրական պարզ սափրիչներից, սակայն եգիպտացիներն առաջինն էին, որ սկսել են սափրվել։ Անձնական տեսքն ու հիգիենան չափազանց մեծ կարևորություն ունեին հին Եգիպտոսում, և մարմնի անցանկալի մազերից ազատվելը կարևոր էր։ Եգիպտացիները մաքրում էին իրենց մարմնի գրեթե բոլոր մասերի մազերը՝ բացի հոնքերից և հաճախ գլխի մազերը փոխարինում էին կեղծամներով։ Դեմքին մազերի առկայությունն ամոթ էր համարվում ու արհամարհանքի նշան հանդիսանում։
Սափրվելը պարզապես արտաքին տեսքի համար չէր, մազեր չունենալ նշանակում էր կանգնեցնել ոջիլների և հիվանդությունների տարածումը։ Մարմնի անցանկալի մազերից ազատվելու համար եգիպտացիները տարբեր մազահեռացնող քսուկներ էին օգտագործում, ինչպես նաև սրած քարը որպես սափրող գործիք կիրառում։
1 Ժամացույց

Եգիպտացիները ժամացույց կամ հեռախոս չունեին, որը նրանք ամեն մի քանի րոպեն մեկ կստուգեին ճիշտ ժամն իմանալու համար, սակայն նրանց շնորհիվ է, որ մենք այսօր ունենք այս ճոխությունը։ Հին եգիպտացիներն առաջիններից էին, ովքեր օրը ժամերի բաժանեցին՝ կոթողի տեսքով հուշարձանը որպես արևային ժամացույց օգտագործելով։ Այն ստվեր էր առաջացնում, որը հնարավորություն էր տալիս եգիպտացիներին օրը բաժանել երկու մասի՝ մինչև կեսօրը և կեսօրից հետո։ Սա նաև հնարավորություն էր տալիս տեսնել տարվա ամենաերկար ու ամենակարճ օրը։
Սրանից հետո Ամենեմհետ անունով մի եգիպտացի հայտագործեց ջրային ժամացույցը։ Ջուրը լցվում էր տարայի մեջ, որի վրա ժամերը նշված են, և ժամանակը չափվում էր ջրի մակարդակի փոփոխության միջոցով։



