1in.am-ը գրում է.
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Սերյոժա Կարապետյանի, Արմենակ Ավետիսյանի, Ռազմիկ Խանյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ:
Ժամկետային զինծառայող, ջոկի հրամանատար, կոչումով՝ կրտսեր սերժանտ Սերյոժա Կարապետյանը, ըստ դատական ակտի, 2012 թվականի մայիսի 18-ից մինչև հունիսի 1-ը ընդգրկված է եղել մարտական դիրքում՝ որպես դիտորդ:
Մարտական հերթապահության մեկնած ժամկետային զինծառայող, շարքային Սարո Ս.-ին կրտսեր սերժանտ Կարապետյանը տեղեկացրել է, որ մարտական դիրքում հերթապահության ընթացքում քնելու, նստելու, սաղավարտը հանելու, զենքը ցած դնելու համար իր՝ ջոկի հրամանատարի կողմից սահմանված է հայհոյանք: Դատական ակտում նշված է, որ Սերյոժա Կարապետյանը դրսևորել է «անարդար բծախնդրություն, հոգեբանական ճնշումներ է գործադրել, չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, կատարել է իշխանազանցություն, օգտվել է դիրքի ավագ, ավագ լեյտենանտ Ռազմիկ Խանյանի թողտվությունից և պարբերաբար տեսնելով շարքային Սարոյի կողմից որոշ խախտումներ՝ հայհոյելով ստորացրել է զինվորի պատիվն ու արժանապատվությունը:
2012 թվականի մայիսի 23-ի ցերեկը Սերյոժա Կարապետյանը Սարո Ս.-ին 2 անգամ հերթապահելիս տեսել է նստած ու սաղավարտը հանած վիճակում, մայիսի 26-ի ցերեկը հերթապահության ժամանակ զինվորին տեսել է նստած:
Մայիսի 29-ին նա Սարոյին հերթապահության ժամանակ տեսել է նստած ու քնած: Վիճաբանել է զինվորի հետ, ապտակել է նրան, հասկացրել է, թե հերթապահության ժամանակ նստող կամ քնող զինվորն իրեն «հավասարազոր անձնավորություն չէ»:
Մայիսի 31-ին Սերյոժա Կարապետյանը Սարոյին տեսել է հերթապահության ժամանակ նստած, հիշեցրել է իր սահմանած հայհոյանքի մասին, հայհոյել է Սարոյին, ձեռքերով հրել է նրան, հետո ձեռքերով ու ոտքերով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին:
Սարո Ս.-ն պատասխան հարվածներ չի հասցրել, պահանջել է, որ Կարապետյանն իրեն չծեծի, ասել է, թե նա զորամասում իրեն պատասխան է տալու:
Սերյոժա Կարապետյանը սպառնացել է զորամասում այլ անձանց ներկայությամբ հրապարակել Սարոյին արատավորող տեղեկությունները՝ հասկացնելով, որ խախտումների ու հայհոյանքի տակ ընկնելու պատճառով այդ զինվորի «կարգավիճակը» զինծառայողների միջավայրում փոխվելու է:
Հունիսի 1-ին, ժամը 7-ն անց 30-ի սահմաններում Սարոյին խրամաբջջում հերթապահության ժամանակ նստած տեսնելով՝ Կարապետյանը հիշեցրել է հայհոյանքի մասին, արհամարհել է զրուցելու՝ զինվորի խնդրանքը, և հեռացել է:
Զինվորի արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելը առաջացրել է ծանր հետևանքներ:
Ըստ դատական ակտի՝ Սարո Ս.-ի մոտ զարգացել է հոգեկան գործունեության ժամանակավոր հիվանդագին խանգարում: Նա նույն այդ օրը, դատական ակտի համաձայն, իրեն ամրակցված զենքով գետնատնակում ինքնասպանություն է գործել:
Սերյոժա Կարապետյանին մեղադրանք էր առաջադրված նաև այն բանի համար, որ պարբերաբար օգտվել էր դիրքի ավագ, ավագ լեյտենանտ Խանյանի թողտվությունից, ուրիշներից անբասիր ծառայություն պահանջելով՝ ինքը ոչ պատշաճ է կատարել մարտական հերթապահության կրման՝ հերթացուցակով նախատեսված ծառայությունը և բազմիցս ուշացումով է փոխարինել շարքային Սարո Ս.-ին, ինչի հետևանքով Սարոն, ըստ դատական ակտի, «հայտնվել է անելանելի վիճակում, իր հանգստի հաշվին Սերյոժա Կարապետյանի փոխարեն պարտադրված լրացուցիչ կատարել է հերթափոխի պարտականությունները»:
Սերյոժա Կարապետյանը մեղադրվել է ևս մի զինծառայողի՝ Արթուր Մ.-ին հայհոյելու, քաշքշելու, ծեծելու համար:
Ըստ տուժող Արթուր Մ.-ի՝ իր հիշելով՝ դեպքից հետո Սերյոժան ասել էր. «Սարոն ինքնասպան եղավ ու մեզ դայաղ արեց, գոնե իջնեինք, նոր իրան սպաներ»:
Ժամկետային զինծառայող, շարքային Արմենակ Ավետիսյանը, ըստ մեղադրանքի, բազմիցս, առանց դիրքի ավագի թույլտվության, թողել է մարտական հենակետը, տարբեր պատրվակներով գնացել է հարևան հենակետ:
Բացի այդ, մայիսի 30-ին, օգտվելով դիրքի ավագ, ավագ լեյտենանտ Խանյանի թողտվությունից, Սերյոժա Կարապետյանի ներկայությամբ բռնություն է գործադրել շարքային Սարո Ս.-ի նկատմամբ, հաշիվ է պահանջել իրեն խաբելու՝ հազար դրամից ավելի գումար ունենալու հանգամանքը թաքցնելու համար: Զինվորի նկատմամբ բռնության գործադրումը ծանր հետևանքներ է ունեցել, նաև այդ արարքն է պատճառահետևանքային կապի մեջ դիտարկվել՝ հունիսի 1-ին Սարո Ս.-ի կատարած ինքնասպանության հետ:
Ռազմիկ Խանյանը՝ դիրքի ավագը, մեղադրվել է այն բանի համար, որ ինքն էլ խախտել է մարտական հերթապահության կրման կանոնները, պարբերաբար չի կատարել մարտական հերթափոխները, ինքնակամ լքել է մարտական դիրքը, ինչպես նաև դրսևորել է իշխանության անգործություն:
Հունիսի 1-ին, ժամը 8-ին մարտական դիրքի գետնատնակում հայտնաբերելով շարքային Սարո Ս.-ի դիակը՝ ավագ լեյտենանտ, դիրքի ավագ Խանյանը պատշաճ չի պահպանել դեպքի վայրը, լրացրել է զինվորի հանդերձանքը, ձեռք է տվել զենքին:
Ընդհանուր իրավասության դատարանում Սերյոժա Կարապետյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա հայտնել է, թե որևէ մեկին չի ասել՝ Սարոն էն տղան չէ, ում հետ կարելի է շփվել կամ ընկերություն անել: Սարոյի նկատմամբ բռնություն չի գործադրել, նրա պատիվն ու արժանապատվությունը չի ստորացրել: Իր ներկայությամբ Արմենակ Ավետիսյանը Սարոյի նկատմամբ բռնություն չի գործադրել: Ինքը Ռազմիկ Խանյանին չի տեսել ալկոհոլ օգտագործած վիճակում:
Սերյոժա Կարապետյանն ընդունել է միայն, որ եղել են դեպքեր, երբ ինքը ուշ է հերթափոխել Սարոյին, բայց միայն՝ հինգ-տասը րոպե ուշացումով:
Արմենակ Ավետիսյանը դատարանում նույնպես իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:
Ռազմիկ Խանյանը դատարանում իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա ևս հրաժարվել է դատարանում ցուցմունքներ տալուց:
Տուժող Սարո Ս.-ն նոր էր ավարտել ծառայությունը ուսումնական գումարտակում: Մայիսի 9-ին նա Ստեփանակերտում մասնակցել էր զորահանդեսին: Հետո տասնօրյա արձակուրդ էր ստացել, տուն էր գնացել լավ տրամադրությամբ:
Ծառայության վերադառնալուց հետո մարտական հերթապահության նշանակվել էր առաջին անգամ: Մինչև զորակոչվելը սովորել էր Եվրոպական համալսարանում:
Սարոյի մայրը՝ տուժողի իրավահաջորդը, դատարանում ասել է, թե իր որդին եղել է կիրթ, խելացի, դաստիարակված: Մայրն ասել է, թե որդին, փաստաթղթերի համաձայն, պիտանի չի եղել շարային ծառայության համար, սակայն նրան տարել են մարտական դիրքեր՝ հերթապահություն իրականացնելու:
Հնարավոր է՝ առողջական խնդիրներ ունենալու պատճառով է զինվորը հաճախ նստել հերթապահության ժամանակ, բողոքել հոգնածությունից ու ոտքերի ցավից…
Մայիսի 27-ին մայրը վերջին անգամ է հեռախոսով խոսել որդու հետ: Սարոյի տրամադրությունը բարձր է եղել, նա չի դժգոհել: Տուժողի իրավահաջորդը հնարավոր չի համարել, որ Սարոն ինքնասպան լիներ: Ըստ ծնողի՝ նա ոչ մի պատճառ չուներ այդ քայլին դիմելու համար: Նա բնավորությամբ շուտ կոտրվող կամ ներշնչվող չի եղել…
Ընդհանուր իրավասության դատարանը Սերյոժա Կարապետյանին դատապարտել է վերջին հաշվով 5 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի մարտի 22-ից:
Արմենակ Ավետիսյանը վերջին հաշվով դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի հոկտեմբերի 2-ից:
Ռազմիկ Խանյանը դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ համաներում է կիրառվել, և նա ազատվել է պատժի կրումից:
Դատավճռի դեմ պաշտպանական կողմը վերաքննիչ բողոքներ է բերել ամբաստանյալներ Սերյոժա Կարապետյանի և Արմենակ Ավետիսյանի մասով՝ արդարացման կամ պատժի մեղմացման առումով:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը և մեղադրողը:
Ըստ մեղադրող Հարոյանի՝ երեք ամբաստանյալների նկատմամբ էլ ընդհանուր իրավասության դատարանը ակնհայտ մեղմ պատիժներ է սահմանել, նշանակված պատիժները, մեղադրողի խորին համոզմամբ, չեն կարող նպաստել պատժի նպատակների իրագործմանը:
Մեղադրողը միջնորդել է պատժի մասով բեկանել դատավճիռը,
5 տարի ազատազրկման դատապարտված Սերյոժա Կարապետյանին վերջին հաշվով դատապարտել 9 տարի ազատազրկման:
4 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Արմենակ Ավետիսյանին վերջին հաշվով դատապարտել 7 տարի 6 ամիս ազատազրկման:
3 տարի ազատազրկման դատապարտված, համաներմամբ ազատ արձակված Ռազմիկ Խանյանին վերջին հաշվով դատապարտել 6 տարի ազատազրկման:
Վերաքննիչ քրեական դատարանը մասնակիորեն բավարարեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Եգորյանի միջնորդությունը:
Հաջորդ դատական նիստին դատարան կհրավիրվեն ու կհարցաքննվեն առաջին ատյանի դատարանում չհարցաքննված վկաներ Տիգրան Հ.-ն և Արա Ե.-ն:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն առաջին ատյանի դատարանում միջնորդել է, որ այս վկաներին հարցաքննեն, բայց դատարանը չի կարողացել ապահովել նրանց ներկայությունը, ըստ տեղեկությունների՝ նրանք բացակայել են Հայաստանից: Իսկ այժմ կողմերը տեղեկություն ունեին, որ մասնավորապես՝ հիշյալ վկաներից մեկը Երևանում է ու աշխատում է ռեստորաններից մեկում:
Վկաներ հրավիրելով՝ վերաքննիչ քրեական դատարանը, փաստորեն, բողոքների քննությունը կշարունակի վերաքննության կարգով:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 20-ին:



