Tert.am-ը գրում է.

Որքան էլ Վրաստանը փորձում է խուսափել Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում հարաբերությունների առավել խորացումից, պաշտոնական Թբիլիսին այսօր պարտադրված է նման քաղաքականություն վարել, ինչպես դա եղել է քաղաքական համագործակցության, տնտեսական համագործակցության ոլորտներում:

Tert.am–ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր Թբիլիսիում Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան Թբիլիսիում ռազմական համագործակցության մասին եռակողմ համաձայնագիր կստորագրեն, ինչի մասին  երեկ Վրաստանի մայրաքաղաք ժամանելուն պես հայտարարել էԱդրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

«Որպես պարտադրված կողմի, բնականաբար, Վրաստանի ներկայությունը համագործակցության այդ ֆորմատում, հնարավոր է՝ հետագայում խնդիրներ ստեղծեն հայկական կողմի համար, քանի որ հետզհետե ավելի է ներքաշվում երկու այս պետությունների ձևավորվող օղակի մեջ: Դեռևս թույլ, բայց, այնուամենայնիվ, օղակ», -ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Իսկ պարտադրանքը , առաջին հերթին, քաղաքական և տնտեսական լծակներն են, որոնք, ըստ քաղաքագետի, բավականին վաղուց ստեղծվել և օր օրի ավելի ուժեղացվում են՝ Վրաստանում գործող և ադրբեջանական կապիտալի վրա հիմնված խոշոր էներգետիկ կոմունիկացիոն ընկերությունների միջոցով:

Բացի այդ, ըստ նրա, կա էթնիկ ճնշման գործոնը՝ ի դեմ ինչ-որ չափով աջարների, և Քվեմո Քարթլիի շրջանի ադրբեջանական համայնքի, որը Վրաստանի տարածքում գնալով ավելի է ուժեղանում՝ թուրք-ադրբեջանական դաշինքի ջանքերով:

Հիշեցնենք, որ Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը երեք երկրների՝  Նախիջևանում կայացած գագաթնաժողովի ժամանակ ավելի վաղ հայտարարել էր, որ երեք երկրների՝ ռազմական ոլորտում ծավալված համագործակցությունն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ:

«Երեք երկրները փաստացի համագործակցում են երեք տարբեր ոլորտներում և դրան փաստացի գումարվել է նաև ռազմական ոլորտում համագործակցությունը: Եվ որքանով է Վրաստանի ՊՆ նախկին ղեկավարն անկեղծ, որ սա ուղղված չէ որևէ երրորդ երկրի, պարզ է, որ անկեղծ չէ, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությունը Հարավային Կովկասում ուղղված է երկու պետությունների՝ Հայաստանի և որքան էլ տարօրինակ չլինի՝ վրացական կողմի դեմ»,- ասաց քաղաքագետը։

«Այսօր Թուրքիան և Ադրբեջանը հասկանում են, որ ռազմական տեսանկյունից Վրաստանը գրավիչ պետություն է համագործակցության համար թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ ընդհանրապես Արևմուտքի առանձին խոշոր պետությունների համար: Եվ ըստ էության , փորձում են ժամանակից շուտ տեղավորվել այս ձևաչափում»,–ավելացրեց Հրանտ Մելիք–Շահնազարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել