Եթե ես զբաղվեմ ինժեներիայով, դուք ինձ խիստ կքննադատեք, բայց դուք ինժեներ եք, քաղաքականությամբ եք զբաղվում։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, Հայաստանի ԳԱԱ տարեկան ժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի աշխատակից Ռոբերտ Սարգսյանի ելույթին, որը պնդում էր, որ եթե երկրում առնվազն երեք անգամ կրճատվեն կառավարման ապարատի ծախսերը, մեր բոլոր հարցերը կլուծվեն։
«Պետք է քաղաքական ելույթները քաղաքական վայրերում հնչեն», – ասաց նախագահը։
Իր ելույթում Ռոբերտ Սարգսյանը նշեց, որ երկրի տնտեսական եւ պաշտպանունակության խնդիրները լուծելու համար պետք է ունենալ ինովացիոն արտադրություն, այլ ոչ թե վաճառել հումք, ինչպես անում է այսօր Հայաստանը, եւ պետք է կրճատել պետական ապարատի ծախսերը։
Նա հիշեց հայտնի սովետական երգիծաբան Արկադի Ռայկինի մանրապատումներից մեկը, երբ ռեստորանում ոմն պետական այր թանկարժեք ուտեստներ եւ ըմպելիքներ է պատվիրում ու բացականչում է. «Ամեն օր նստած եմ այս ռեստորանում ու մտածում եմ՝ ո՞ւր են գնում փողերը»:
Նա նշեց, որ շատ զարգացած պետություններ վարում են ծախսերի կրճատման քաղաքականություն, եւ որոշ համեմատություններ տարավ Հայաստանի եւ այլ երկրների պատգամավորների թվի եւ պետական ապարատի չափերի միջեւ։ Իսկ նախագահի քաղաքական ելույթի վերաբերյալ ռեպլիկին արձագանքեց, որ սա տարրական տրամաբանություն է, ոչ թե քաղաքականություն։



