Yerkir.am-ը գրում է.
ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գևորգյանը և ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված նոր երգ են գրել: «Սև ապրիլ»` այսպես է կոչվում ստեղծագործությունը, որը հայի 4 սերնդի մասին է պատմում` սերունդ, որ զգաց, սերունդ, որ պատմեց, սերունդ, որ հիշեց և սերունդ, որ պահանջատեր է:
yerkir.am-ի հետ զրույցում Գևորգյանը նշեց, որ երաժշտության հիման վրա Դեքերը գրել է խոսքեր՝ անգլերեն լեզվով, իսկ հայերեն տեքստը գրել է Լևոն Բլբուլյանը: Երգի հայերեն տարբերակը կոչվում է «Կանք ու կլինենք», անգլերենը՝ 'Remember': Գևորգյանը նշեց նաև, որ երբ գրել-վերջացրել է ստեղծագործությունը` այն ցույց է տվել Հովհաննես Չեքիջյանին, ով շատ է հավանել և միանգամից նոտաներն է ուզել: Ստեղծագործությունը նոտագրելուց հետո Գևորգյանն այն ներկայացրել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին, ով էլ սիրով համաձայնել է միանալ կատարման` կյանքի կոչելուն:
«Երգի անգլերեն տարբերակն արդեն նկարահանվել է Ծիծեռնակաբերդում` 500 հոգանոց երգչախմբի կատարմամբ, որոնք եկել էին աշխարհի տարբեր երկրներից` Սփյուռքի նախարարության` «Իմ Հայաստան» միջոցառման շրջանակներում: Սա տեսահոլովակի նկարահանման առաջին փուլն էր, և երկրորդ փուլի նկարահանման աշխատանքները հետաձգվեցին, քանի որ Ծիծեռնակաբերդը վերանորոգվում էր»,-ասում է Գևորգյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ հիմա նախատեսվում է ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հովհաննես Չեքիջյանի երգչախմբի հետ վերսկսել նկարահանումների երկրորդ խումբը.«Կարծում եմ` մինչև ապրիլի 24-ը կհասցնենք: Այս պահին Չիլլի, Բրազիլիայի, Արգենտինայի, Ուրուգվայի, Եգիպտոսի, ՌԴ-ից մի քանի նվագախմբեր նկարահանում են այդ նույն երգն անգլերեն, և ուզում ենք մի տեսահոլովակ սարքել: Ուզում ենք նաև, որ 10-ից ավելի երկրում մինչև 100-րդ տարելիցը հայկական երգչախմբերը փողոցներում երգեն 'Remember' երգը»:
Ստեղծագործությունը կունենա նաև տեսահոլովակ, որի պրեմիերան տեղի կունենա այս ամիս: «Նյու արենա» փրոդաքշընի հետ Գևորգյանը իրականացնում է նկարահանումներ տարբեր երկրների փողոցներում, և յուրաքանչյուր երկրի երգչախումբ իրենց երկրի խորհրդանշանների մոտ կանգնած երգում են այդ ստեղծագործությունը: Տեսահոլովակում տարբեր երկրներում նկարահանվում են մարդիկ, ովքեր տարբեր լեզուներով ասում են.«Մենք դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունը»:
Հիշեցնենք, որ վերջերս Դեքերը, Արա Գևորգյանի հետ զրույցում նշել էր, որ ցանկանում է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել: