«Պլացեբո» լատիներեն նշանակում է՝ «ես դուր եմ գալիս»: Բժշկության մեջ այդպես են անվանում այն միջոցները, որոնք օժտված չեն բուժիչ հատկությամբ, սակայն նույն ազդեցությունն են թողնում, ինչ իրական բուժիչ միջոցները։ Պլացեբոյի էֆեկտը տեղի է ունենում, երբ հիվանդին կեղծ դեղորայք են տալիս, և նրանք իսկապես սկսում են իրենց ավելի լավ զգալ, այն դեպքում, երբ նրանց միտքն ու օրգանիզմն է ինքն իրեն բուժվում, ոչ թե դեղն է բուժում, քանի որ այն կեղծ է։ Հետազոտողներին հետաքրքրել է, թե ինչպես է աշխատում այս էֆեկտը, քանի որ դա հասկանալը կօգնի հիվանդներին խնամելու արդյունավետության ու դեղորայքի չափը նվազեցնելու համար։
5 Այն ունի ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական ազդեցություն

Շատերը կարող են կարծել, թե պլացեբոյի էֆեկտը միայն հոգեբանական է, սակայն փաստերը վկայում են այն մասին, որ օրգանիզմը նույնպես ֆիզիկապես արձագանքում է այս էֆեկտին։ 2005թ-ին Միչիգանի համալսարանի հետազոտողները պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիայի միջոցով 14 առողջ երիտասարդ տղամարդկանց են սքանավորել։ Նրանց ծնոտներին աղաջրով լուծույթ են ներարկել ցավ առաջացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց նրանց պլացեբո է տրվել և ասվել, որ դեղը կօգնի նրանց։ Սքանային հետազոտության մեջ նրանք նկատել են, որ ուղեղի այն հատվածը, որն էնդորֆին է արտադրում, ակտիվացել է պլացեբո ընդունելուց հետո։ Հետազոտության մասնակիցները նաև պնդել են, որ ցավը սկսել էր նվազել, և իրենք ավելի ցավադիմացկուն են դարձել։
2001թ-ին անցկացված հետազոտության մեջ մասնակիցներին էնդորֆինի արտադրությունը կանգնեցնող դեղորայքի հետ խառնած պլացեբո տրվեց։ Արդյունքում պլացեբոյի էֆեկտը չգործեց։ Չնայած ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են, այս երկու հետազոտությունները ցույց են տալիս, որ էնդորֆինը մեծ ազդեցություն կարող է ունենալ պլացեբոյի էֆեկտի ազդեցության մեջ։
4 Որքան արագ է այն լուծվում, այնքան մեծ է դրա ազդեցությունը

Երբ ինչ-որ մեկը հիվանդ է ու բուժման կարիք ունի, նրան բուժելու ամենաարագ ու արդյունավետ միջոցը ներարկումն է։ Հետազոտողները փորձել են պարզել՝ արդյոք պլացեբոյի ներարկումը նույնպես ավելի արդյունավետ կաշխատի, քան հաբերը։ 1956-1965թթ-ին ընթացքում և այնուհետև 2000 և 2006թթ-ին հետազոտություններ իրականացվեցին, որոնք համեմատում էին պլացեբոյի ներարկումների ու շաքարից հաբերի արդյունավետությունը։ Բոլոր հետազոտություներում նրանք պարզեցին, որ պլացեբոյի ներարկումներն ավելի արդյունավետ ու արագ էին աշխատում, քան պլացեբոյի հաբերը։ Սա խոսում է այն մասին, որ պլացեբոյի ազդեցության մեջ մեծ է խորհրդանիշների դերը, ինչպես օրինակ այս դեպքում՝ ասեղը, որն օգտագործվում է հիվանդությունների բուժման մեջ։
3 Այն ազդում է պտղաբերության վրա

Պլացեբոյի էֆեկտը կարող է ազդել նույնիսկ պտղաբերության վրա։ Հետազոտություն է անցկացվել պոլիցիստիկ ձվարանների համախտանիշից տառապող 55 կանանց հետ, ովքեր փորձում էին հղիանալ։ Վեց ամիսների ընթացքում մասնակիցներից 33-ին պլացեբո է տրվել, իսկ 32-ին՝ պտղաբերության համար նախատեսված դեղորայք։ Պլացեբո օգտագործած 33 մասնակիցներից 5-ը հղիացել է, մինչդեռ դեղորայք ընդունած 32 մասնակիցներից՝ յոթը։ Դրա արդյունքում տարբերությունն այնքան էլ նշանակալի չէ։ Մեկ այլ հետզոտության մեջ պլացեբոյի արդյունավետությունը 40 տոկոսով մեծ է եղել։ Հետազոտողները հավատացած են, որ այս հետազոտություններին մասնակցած կանայք ավելի քիչ են սթրեսի ենթարվում, ինչը մեծացնում է նրանց հղիանալու հավանականությունը։
2 Բուժման գինը կարող է ազդել ազդեցության վրա

Սինսինատիի համալսարանի հետազոտողները Պարկինսոնի հիվանդությամբ տառապող 12 հիվանդների հետ հետազոտություն են անցկացրել։ Նրանք հիվանդներից յուրաքանչյուրին պլացեբո են տվել ու ասել, որ դրանք արդյունավետ են Պարկինսոնի հիվանդության բուժման համար, սակայն նրանցից ոմանց ասվել է, որ հաբերը 15 անգամ ավելի թանկ են, քան մյուս՝ այլընտրանքային տարբերակը, որը տրվել է մյուս հիվանդների խմբին։ Նրանք, ովքեր ստացել են «թանկարժեք» պլացեբոն, ավելի լավ են սկսել ապաքինվել, քան նրանք, որ ավելի «էժան» տարբերակներն էին փորձել։ Մեկ այլ հետազոտության մեջ «թանկարժեք» պլացեբոն բուժել է հիվանդների 67 տոկոսին, մինչդեռ «Էժան» պլացեբոն ընդունողների 58 տոկոսն է նշել, որ այն օգտագործելուց հետո իրենց ավելի լավ են սկսել զգալ։ Այս փորձարկումները ցույց են տալիս, թե որքան շատ են մեր սպասումներն ազդում բուժման արդյունքի վրա։ Եթե դեղորայքն ավելի թանկ է, ապա բուժվելու ակնկալիքներն ավելի բարձր են։
1 Պլացեբոյի վիրահատություններն արդյունավետ են

Մի բան է պլացեբոյի հաբեր կամ ներարկում ստանալը, այլ բան՝ վիրահատությունը։ Վիրահատությունը ֆիզիկապես փոխում է մարդուն, սակայն մի շարք հետազոտություններ են իրականացվել, որոնք ցույց են տվել, որ մարդիկ ավելի լավ են զգում ու սկսում են ապաքինվել վիրահատություններից հետո։ Ֆինլանդիայում ծնկի մկանային պատռվածքի վերականգնման վիրահատության համար դիմած հիվանդների մի մասին վիրահատեցին, մյուսներին անզգայացնելով՝ բժիշկները կտրեցին նրանց ծունկը՝ ձևացնելով, թե վիրահատություն են իրականացնում։ Զարմանալիորեն երկու խմբի հիվանդներն էլ նույն ձևով վերականգնվեցին։
Մեկ այլ հետազոտություն է իրականացվել ողնաշարի կոտրվածք ունեցող հիվանդների հետ։ Հետազոտության մասնակիցների կեսը ողնաշարի վիրահատության է ենթարկվել ողնաշարի վերականգնման նպատակով, մինչդեռ մյուս մասը պլացեբո վիրահատության է ենթարկվել։ Երկու տարբեր փորձարկումների արդյունքում ցույց է տրվել, որ պլացեբոյի վիրահատությունն աշխատում է այնպես, ինչպես իրական վիրահատությունը։ Դեռևս բազմաթիվ անպատասխան հարցեր կան այն մասին, թե ինչպես է ազդում պլացեբոյի վիրահատությունը, ինչևէ, դրա ազդեցությունը ցնցող է։



