Հայտնի է դարձել, որ Իրանի ու 6 տերությունների միջև բանակցություններում շոշափելի առաջընթաց է գրանցվել, ու արդեն խոսվում է նրա մասին, որ Իրանի վրայից կարող են հանվել բոլոր պատժամիջոցները։ Հիշեցնեմ, որ բանակցությունների հիմնական թեման Իրանի միջուկային ծրագիրն էր, ու արդեն ամիսներ շարունակ ձգվող այս գործընթացը բավականին հեղհեղուկ էր և առաջընթացներ չէր գրանցում։ Ինչո՞ւ հանկարծ Արևմուտքը կտրուկ մեղմեց իր դիրքորոշումը։

Կա դրա երկու հիմնական հավանական պատճառ՝ Իրանի անսպասելի ու վճռական հաջողությունները Մերձավոր Արևելքում՝ ծավալվող տեկտոնական շարժերի ֆոնին, երբ Իրանից սարսռում է անգամ Իսլամական պետությունը, իսկ պրոիրականական ուժերն՝ ի դեմս իլամական աշխարհի շիա թևի, գնալով ավելի ակտիվանում ու պահանջատեր են դառնում՝ սպառնալով տապալել Ամերիկայի դաշնակից ու հենարան սուննի-սալաֆիական ռեժիմները։

Մյուս պատճառն ավելի մեծ մասշտաբների է. գործող տոտալ մերժողական դիրքորոշումը, որը որդեգրել է Արևմուտքն Իրանի հանդեպ, մղում էր Իրանին Ռուսաստանի ու Չինաստանի ճամբար, և արդեն իսկ հստակ ուրվագծված պրոցեսներ կան, որոնք վկայում են, որ տեսանելի ապագայում կարող է աննախադեպ խոշոր ու հզոր ռազմաքաղաքական դաշինք ձևավորվել ընդդեմ ԱՄՆ-ի ու դրա գերակայության ներքո գտնվող Արևմտյան աշխարհի, որի կորիզը կկազմեն Իրանը, Չինաստանն ու Ռուսաստանը։

Ստեղծված իրավիճակում Արևմուտքին չի մնում ոչինչ, քան սիրաշահել Իրանին՝ հաշվի առնելով Իրանի՝ օր օրի ուժեղացող դիրքերը, և ողջ հարցը նրանում է, թե փոխզիջման իրանական եզրն ինչում է, որովհետև հասկանալի է, որ բանակցություններում գրանցված այս առաջընթացում Իրանն էլ իր գինը պետք է առաջարկած լինի, այսինքն՝ կամ հրաժարված լինի միջուկային զենք ստեղծելու իր պլաններից, կամ համաձայնվի դադարեցնել իր ռազմաքաղաքական էքսպանսիան արաբական աշխարհում, կամ էլ ավելի զուսպ ու հապաղող կեցվածք ընդունի Ռուսաստանի ու Չինաստանի հետ նոր ուժային առանցք ստեղծելու հարցում։

Ամեն դեպքում, Իրանում այս լուրերն իսկական տոն են առաջացրել, սակայն պետք չէ կարծել, որ աշխարհաքաղաքական խաղն այս ճակատում ավարտվում է սրանով։ Ընդհակառակը, վստահ եմ, որ ամեն ինչ նոր է սկսվում, ու գրեթե բոլոր սցենարներով սա բերելու է Իրանի հետագա հզորացմանը։ Պետք չէ մոռանալ, որ Իրանը հազարամյակներով եղել է աշխարհակալ գերտերություն, ու չկա մոլորակի վրա երկրորդ այդպիսի մի երկիր, որն ունենա այնքան փորձ բարդ աշխարհաքաղաքական խաղերում ու պլանավորումում, որքան Իրանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել