168.am-ը գրում է.
«Կենտրոնական բանկի մասով շատ քննադատելու բան կա, սակայն այն դիրքորոշումը, որ պետք է, այսպես ասած, միանգամից գլխատել ԿԲ-ին՝ նախագահին, նրա տեղակալներին ու խորհրդի անդամներին, հակասում է ոչ միայն օրենսդրությանը, այլ նաև հակասում է այն հիմնարար հաջողություններին, որ ՀՀ-ն ձեռք է բերել: ԿԲ-ն ՀՀ-ում առաջին կայացած ինստիտուտն էր, և դրանով կայունացավ մեր տնտեսությունը, հիմքը դրվեց տնտեսության, և չի կարելի ԿԲ-ի անկախության դեմ այդպես հանդես գալ: Պետք է ԿԲ-ի անկախությունն ավելի շուտ հակակշռել մասնագիտական պրոֆեսիոնալ դիտարկումներով և քննադատությամբ և դրանով հասնել նրան, որ ԿԲ-ն ավելի արդյունավետ աշխատի, ոչ թե պարզապես քաղաքական նման հայտարարություն անել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը՝ արձագանքելով ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի տեսակետին, որ ԿԲ-ն իր պարտավորությունները չի կատարում, դրամը ռուբլու նկատմամբ արժևորել է 37.5%-ով, ինչի արդյունքում՝ արտահանողը հայտնվել է վատ վիճակում, և պետք է ԿԲ նախագահին հանել՝ խորհրդի հետ միասին, ու նոր մարդկանց բերել: Ըստ Ա.Խուրշուդյանի՝ խախտված է մի քանի սկզբունք. նախ՝ ԿԲ-ի կառավարման սկզբունքը, որտեղ կա տարաժամկետության սկզբունք. «Խորհրդի անդամները չպետք է միանգամից փոխվեն: Դա հատուկ է արված, որպեսզի ԿԲ-ի ինստիտուցիոնալ հիշողությունը պահպանվի, այն լինի, այսպես ասած, շարունակական կառույց, այլ ոչ թե ամեն մի փոփոխությունից հետո կտրուկ անձնական վերաբերմունքը փոխվի:
Եվ չի կարելի միանգամից բոլորին փոխել, եթե ինչ-որ բանից քաղաքական գործիչը դժգոհ է: Երկրորդը՝ այն փաստարկը, որով քննադատվում է ԿԲ-ն, զավեշտալի է, որովհետև ԿԲ-ն քննադատվում է նրա համար, ինչ ինքը կատարել է «ԿԲ-ի մասին» օրենքով: Այսինքն՝ իր առաքելությունն անելու համար: Եթե պարոն Բագրատյանը գտնում է, որ սխալ է գների կայունությունը պահպանելը՝ զոհելով տնտեսությունը, և այդտեղ ես նույնիսկ կպաշտպանեմ պարոն Բագրատյանի տեսակետը, բայց դա անելու համար պետք է օրենքը փոխել: Այսինքն՝ ոչ թե մարմիններին, որովհետև իրենք կատարել են իրենց պարտականությունները: Զավեշտ է օրենսդիրի կողմից քննադատել՝ օրենքը կատարելու համար: Չի կարելի: Կարելի է քննադատել արդյունավետությունը՝ ինչպես է այդ օրենքը կատարվել: Այսինքն՝ ԿԲ-ն կարո՞ղ էր գները կայուն պահելով՝ այդքան չճնշեր տնտեսությանը, այլ կերպ վարվեր: Շատ տեղ կա խոսելու, բայց ոչ այդպես կտրուկ, թե պետք է գները բաց թողնվեն, որ տնտեսությունը շնչի, ու քանի որ դա չեք արել, եկեք բոլորիդ գործից հանենք:
Դա վտանգավոր է նրանով, որ միանգամից կխաթարվի մի ամբողջ գործող ինստիտուտ: Իսկ ես գիտեմ՝ ովքեր են ԿԲ-ում աշխատում, ինչ՝ ինչ, բայց պրոֆեսիոնալիզմի առումով շատ դժվար է ասել, որ այնտեղ չկա պրոֆեսիոնալիզմ: Այլ հարց է, որ այնտեղ այլ գաղափարախոսությամբ մասնագիտական ուղղությամբ են աշխատում, և պետք է դա հակակշռվի մեկ այլ գաղափարախոսությամբ: Դրա արդյունքում պետք է ծնվի ճիշտ դրամավարկային քաղաքականությունը, ոչ թե ցանկացած դուր չեկած պահի փորձենք ԿԲ-ին գլխատել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



