sadasd1in.am-ը գրում է․

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Սիրարփի Ք.-ի (անունը փոխված է) գործի քննությունը:

Ըստ կայացված ակտի՝ 2014 թվականի հոկտեմբերի 11-ին, ժամը 16-ն անց 30-ի սահմաններում Սիրարփին մոտեցել է բաց պատշգամբում գտնվող, իր հետ նույն բակում բնակվող տատիկին և իր հետ վերցրած խոհանոցային դանակով հարվածել է տատիկի գլխի, ձախ հոնքի, ձախ աչքի վերին կոպի և քթի շրջաններին՝ տատիկի առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Նախաքննության ժամանակ Սիրարփին իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Տուժող տատիկը հայտնել է, որ ինքն ու թոռնուհին բնակվում են նույն բակում գտնվող երկու առանձին տներում:

Սիրարփին հոգեկան առողջության խնդիրներ ունի, ամեն չնչին առիթով նյարդայնանում է:

Դեպքի օրը, ժամը 16-ն անց 30-ի սահմաններում ինքը դաշտից վերադարձել ու տեսել է, որ Սիրարփին լվացք է փռել ու կանգնած է իր տան բաց պատշգամբում:
Ինքը գիտի՝ Սիրարփին չի սիրում, որ իր փռած լվացքի կողքով մարդ անցնի: Դրա համար նրան խնդրել է, որ իրեն փոխանցի հողաթափերը: Սիրարփին չի կատարել իր խնդրանքը:

Ինքը շրջանցել է Սիրարփիի լվացքը, բարձրացել է իր տան երկրորդ հարկի բաց պատշգամբ: Տեսել է, որ Սիրարփին էլ է գալիս իր մոտ: Նա հանգիստ մոտեցել է, անսպասելիորեն ինչ-որ իրով, երևի դանակով հարվածներ է հասցրել իրեն, հետո ձեռքը քսել է իր գլխին ու արագ հեռացել է:

Նույն պահին ինքը զգացել է, որ հոնքից արյուն է հոսում: Տանից սրբիչ է վերցրել, փակել է վերքն ու փողոց դուրս գալով՝ պատահական մեքենայով գնացել է բժշկական կենտրոն, ստացել է բուժօգնություն:

Տուժած տատիկը թոռնուհուց որևէ պահանջ, բողոք չի ունեցել :

Դեպքի վայրի զննության ժամանակ Սիրարփին ներկայացրել է հանցավոր արարքի կատարման գործիքը՝ խոհանոցային դանակը, որի շեղբի վրա եղել են կաթիլների ու քսվածքի տեսքով արնանման հետքեր: Դանակն առգրավվել է:

Սիրարփիի մայրը՝ տուժողի դուստրը, հայտնել է, որ սկսած 2012 թվականից դստեր՝ 1984 թվականին ծնված Սիրարփիի վարքագծում նկատել է տարօրինակություններ: Նա դարձել է բծախնդիր, կասկածամիտ, անհանդուրժող: Մասնավորապես չի հանդուրժել, որ իր փռած լվացքի կողքով մարդ անցնի: Այդ հանգամանքը նրա մոտ ագրեսիայի նոպա է առաջացրել:

Դատարանում Սիրարփիի մայրը հայտնել է, թե ինքն ի վիճակի է հոգալ դստեր համար, խնդրել է նրա նկատմամբ նշանակել հարկադիր բուժում՝ արտահիվանդանոցային պայմաններում՝ հաշվի առնելով, որ Սիրարփին դեպքից հետո նյարդահոգեբուժական դիսպանսերում բուժումներ է ստացել:

Փորձաքննության եզրակացությամբ՝ տուժող տատիկի դեմքը ենթարկված է տարիքային փոփոխությունների, առկա են տարիքային բազմաթիվ կնճիռներ: Թոռնուհու պատճառած վնասվածքների հետքերը, ըստ այդ եզրակացության, կնճիռների առկայության պայմաններում գրեթե անտեսանելի են, ուշադրություն չեն գրավում…

Ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Սիրարփի Ք.-ն տառապում է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև, էպիզոդիկ աճող դեֆեկտով» խրոնիկական հոգեկան հիվանդությամբ: Արձանագրվել է, որ նրա մոտ առկա են զառանցական մտքեր, ագրեսիայի բռնկումներ, նա սոցիալապես վտանգավոր է ու կարիք ունի հարկադիր բուժման:

Սիրարփին ճանաչվել է անմեղսունակ:

Դատարանը հաշվի է առել դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաև Սիրարփիի մոր խնդրանքը, Սիրարփի Ք.-ին ազատել է ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով նախատեսված արարքի համար քրեական պատասխանատվությունից ու պատժից, նրա նկատմամբ կիրառել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հարկադիր բուժում հոգեբույժի մոտ՝ արտահիվանդանոցային հսկողության պայմաններում:

Սիրարփիի մերձավորների պատասխանատվությունը Սիրարփիին ճիշտ խնամելու, նրան հսկելու հարցերում արտահիվանդանոցային բուժման պայմաններում զգալիորեն մեծանում է, բայց նրանք պատրաստակամություն են հայտնել ստանձնելու այդ պատասխանատվությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել