Հրաբուխ, ծուխ, ժայթքումներ, խլացուցիչ ձայներ... Արկածախնդիրների ու էքստրիմի սիրահարների համար սրանից ավելի լավ տեսարան չկա, մինչդեռ ավելի զգուշավոր մարդիկ փշաքաղվում են՝ անգամ այս ամենի նկարները տեսնելով։ Ժայթքող հրաբխի վերջին լուսանկարները նկարվել է սկսնակ լուսանկարիչ Հերնանդո Ռիվերա Սերվանտեսի կողմից։ Լուսանկարների այս շարքում պատկերված է Մեքսիկայի Կոլիմա հրաբուխը։ Լուսանկարիչն այս ֆոտոշարքն ստեղծեց այն ժամանակ, երբ Մեքսիկայի իշխանությունները զգուշացրին հրաբխի մոտակայքի բնակիչներին նախապատրաստվել հնարավոր տարհանման։ Կոլիմա հրաբուխը, որի բարձրությունը հասնում է 3,800 մետրի, առաջին անգամ ժայթքել է 1576 թ.-ին։ Այն համարվում է Մեքսիկայի ամենաակտիվ հրաբուխներից մեկը։
Պրն. Սերվանտեսն ավելի քան 8 ժամ անցկացրեց հրաբխի հարակից տարածքում՝ դիտելով, թե ինչպես է դրանից դուրս եկող մոխիրը բարձրանում մթնոլորտ։ Հարցազրույցի ընթացքում նա նշել է.
Ես ութ ժամ սպասեցի՝ իմանալով, որ ինչ-որ բան տեղի է ունենալու։ Երբ կայծակը եղավ, դա սքանչելի էր, մի անմոռանալի փորձառություն։

Կայծակը տեղի է ունենում այն պատճառով, որ հրաբխային մոխրի մեջ էլեկտրական հոսանք է կուտակվում հյուլեների շփման արդյունքում։ Ինչպես սովորական ամպրոպի դեպքում, այնպես էլ այստեղ, այս հոսանքը կուտակվում է այնքան ժամանակ, քանի դեռ չի բացվում մի անցք, որից այն կարող է ժայթքել կայծակի տեսքով։

Ալաբամայի համալսարանի գիտնականները պնդում են, որ հրաբխային կայծակի կուտակումը կարող է շրջակա մթնոլորտի ջերմաստիճանը հասցնել ավելի քան 3,000°C-ի։ Կոլիմա հրաբուխը գիտնականների համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում հատկապես այն պատճառով, որ իր առաջին ժայթքումից ի վեր այն մոտ 40 անգամ ժայթքել է։ Ներկայումս մոտ 300,000 մարդ է բնակվում հրաբխի մոտակայքում։ Կոլիման հանդիսանում է Մեքսիկայի ամենաշատ ուսումնասիրված հրաբուխներից մեկը։

Թեպետ հրաբխային կայծակները նոր երևույթ չեն, գիտնականները միայն վերջերս են պարզել դրանց առաջացման պատճառները։ Ժայթքող հրաբխին մոտենալը շատ վտանգավոր է, իսկ գիտնականները պետք է մոտիկից ուսումնասիրեն ժայթքման առանձնահատկությունները՝ հիմնավոր եզրակացություններ կատարելու համար։ Քանի որ ոչ մի խելամիտ գիտնական չի վտանգի սեփական անվտանգությունը ժայթքող հրաբխի ուսումնասիրություն անցկացնելու համար, Մյունիխի Լյուդվիգ Մաքսիմիլիանի անվան համալսարանի գիտնականներն այլընտրանքային ուսումնասիրություն են կազմակերպել լաբորատորիայում։ Նրանք մոդելավորել են հրաբխային ժայթքում՝ օգտագործելով իսկական հրաբխից վերցված մոխիր ու արգոն գազ։ Հենց այս հետազոտության արդյունքում էլ պարզվել է, որ հոսանքի կուտակումը տեղի է ունենում մոխրի մասնիկների շփման հետևանքով, իսկ հրաբխային կայծակն էլ իր հերթին տեղի է ունենում հոսանքի գերկուտակման հետևանքով։




