Yerkir.am-ը գրում է.
Ապրիլի 21-ին Փարիզում տեղի կունենա համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Նշենք, որ Հայաստանում է հայազգի դիրիժոր Ալան Ալթինօղլուն, ով վաղը կղեկավարի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի մասնակցությամբ համերգը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալան Ալթինօղլուն նշեց, որ քանի որ Ֆրանսիայում բավական հայահոծ զանգված կա, երկար մտածում էր` ինչ միջոցառում կազմակերպել` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված:
«Ձևաչափը տարբեր կլինի սովորաբար կազմակերպվող համերգներից. աշխարհի տարբեր երկրների անվանի 70 հայ երաժիշտներ կմասնակցեն համերգին: Ուզում էի ֆրանսիացիներին նաև դուդուկը ներկայացնել, ուստի որոշեցի, որ համերգին կհնչի նաև Կոմիտասի ստեղծագործություններից` դուդուկի հնչողությամբ, ինչպես նաև կհնչեն Արամ Խաչատրյանի և Մոցարտի ստեղծագործությունները»,-ասաց Ալթինօղլուն` հավելելով, որ համերգին կմասնակցի նաև օպերային պրիմադոննա, սոպրանո Հասմիկ Պապյանը: Ալթինօղլուն տեղեկացրեց նաև, որ համերգի մասին հայտարարելուց հետո տոմսերն ամբողջությամբ սպառվել են 1 շաբաթվա ընթացքում: