Անկեղծ ասած, չեմ հասկանում այն աղմուկ-աղաղակի իմաստը, որը բարձրացրել են՝ կապված Ծիծեռնակաբերդում դպրոցականների պատվո պահակախմբերի հետ։ Ըստ իս՝ փայլուն գաղափար է, որը թույլ է տալիս ավելի ամրացնել սերունդների կապը և մատաղ սերնդի ներկայացուցիչների համար ստեղծել հնարավորություն, ավելի անմիջականորեն հաղորդակցվելու մեր պատմության այս կարևորագույն էջի հետ։
Ինձ առավել զարմացնում է այն, որ ավագ սերնդի բազմաթիվ ներկայացուցիչներ են նման նախաձեռնության դեմ հանդես գալիս։ Մի՞թե մոռացել են իրենց պիոներական մանկությունը և ճամբարները։ Քի՞չ է եղել, որ որպես պիոներներ՝ դուք պատվո պահակախումբ կազմեիք կամ էլ ինչ-որ այլ բաներ անեիք Հայրենականի զոհերի հուշակոթողների և այլ պատմամշակութային հուշարձանների մոտ։
Անձամբ ինձ շատ էլ դուր է գալիս այս նախաձեռնությունը, և ոչ մի ավելորդություն չեմ տեսնում դրա մեջ, իսկ քննադատություններն այս պարագայում բացատրում եմ իներցիայով. մարդիկ արդեն սովորել են, որ տարբեր պետական մարմիններ, այս դեպքում՝ ԿԳՆ-ը, ինչ անի, ուրեմն պետք է անողոքաբար քննադատել։ Դա ճիշտ չէ։