Tert.am-ը գրում է.

Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը քննարկում էր հրավիրել «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը և հայ ժողովրդի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» թեմայով:

Քննարկման նախաձեռնող  ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ անհրաժեշտ է օրենք ընդունել, որով դատապարտվի Թուրքիայի Հանրապետության կողմից  Հայաստանի տարածքների բռնազավթումը, ինչը պետք է լինի ազգային անվտանգության բաղադրիչ մաս և պետք է նշել, որ «մենք հետամուտ ենք  մեր հայրենիքի վերադարձին»:

«Հայաստանի և Թուրքիայի ներկայիս սահմանը օրինական չէ, այլ 21 թվականի Մոսկվայի պայմանագրի հետևանք է, որը վիճարկելու ենք և վերանայման կարիք ունի»,- ասաց նա:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ տեղի  են ունենում տարբեր իրադարձություններ և  պետք  է պատրաստ լինել ներկայիս գործող քարտեզի վերաձևավորմանը, որի գործիքներից մեկը պետք է լինի օրենքի և նոր ռազմավարական հայեցակարգի ընդունումը Հայաստանի Հանրապետության կողմից: 

«Հասկանալի է, որ եթե չլինի ազգահավաք, չենք կարող իրականացնել հողահավաք»,- ասաց նա և նշեց, որ դրա համար պետք է ունենալ լիարժեք քաղաքացիներ, ովքեր հետամուտ պետք  է լինեն  մեր պատմական հայրենիքի վերադարձմանը:

«Մենք տարածքների հետ վերադարձի խնդիր  պետք է դնենք ոչ միայն միջազգային հանրության առաջ, այլ նաև  որպես մեր պետության պետական ծրագիր»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել