Չեմ կենտրոնանում նախապատմության վրա։ Քանիցս ասվել է, բոլորս գիտենք, անցել է 100 տարի։ Գուցե ոչ մեզ ցանկալի տեմպերով, բայց շատ երկրներ ու շատ երկրների վարչական միավորներ արտահայտել են իրենց պաշտոնական տեսակետը։ ՀՀ-ում պաշտոնական արարողակարգի բաղկացուցիչ մաս կազմում է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը։ Բազմաթիվ երկրների պաշտոնական վերին էշելոնների ներկայացուցիչներ հարգել են զոհերի հիշատակը։ Այս ամենը եղել է։ Ինչ է տեղի ունենալու ապրիլի 24-ին։ Բնականաբար, մենք ունենալու ենք բարձրաստիճան հյուրեր, բնականաբար, բարձրաստիճան հյուրեր լինելու են նաև Թուրքիայում։ Ես ի սկզբանե չեմ վերաբերվում այս հարցին որպես մրցակցություն, թե որտեղ ավելի շատ հյուր կայցելի, կամ թե որ պետությունների ներկայացուցիչները կընտրեն ուր այցելել։ Կլինեն նաև երկրներ, որոնց ներկայացուցիչները կայցելեն և Հայաստան, և Թուրքիա։ Այս ամենի արձագանքները դեռ կլինեն։ Խնդիրն այլ է. ի՞նչ կունենանք մենք ապրիլի 25-ին։ Կլինի՞ արդյոք առաջընթաց Ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչման հարցում։ Թե ի՞նչ կլինի դրանից հետո, այլ խնդիր է։ Հիմա կա գերնպատակ՝ հասնել պատմական փաստերի ըստ արժանվույնի գնահատմանը աշխարհի կողմից։ Այս պահին բացարձակ չեմ ուզում քննադատել կազմակերպված միջոցառումների իմաստն ու որակը, քանի որ դա ևս չեմ համարում խնդրի լուծմանն առնչվող պարագա։ Չեմ էլ ուզում մտածել, որ տարելիցը դառնա հերթականը, և հիմա էլ սպասենք 2016-ի ապրիլի 24-ին։ 100 տարին բավական էր միջազգային ատյանների հիբրիդային ստերով սնվելու համար։ Ի՞նչ արած, գուցե մեր պայքարի առավելագույն հնարավորությունն էլ սա է։
Հ.Գ. Ես չգիտեմ, գուցե կարծիքս սուբյեկտիվ է, բայց ինձ թվում է, որ հաճախ մենք կենտրոնանում ենք հավելյալ խնդիրների վրա և թուլացնում զգոնությունը կարևորագույն հարցի վերաբերյալ։ Մենք օրերով կկենտրոնանանք միջոցառումների ձևաչափի ու ատրիբուտիկայի վրա՝ անվերջ քննադատում ենք մանր-մունր դրսևորումները, այնինչ պետք է հստակ ունենանք պահանջի ձևակերպում և նրան հասնելու հստակ ճանապարհ՝ չկենտրոնանալով մանրուքների վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել