Exclusive
Երգիչ Արամեն վերջերս պատրաստվում էր տեսահոլովակ նկարահանել իր նոր՝ «Պաչի-պուչի» երգի հիման վրա։ BlogNews.am-ը տեղեկացավ, որ աշխատանքները չեղարկվել են։ Երգչի մենեջեր Արտյոմ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծրագրերը փոխել են երկու պատճառով։

«Արամեն շատ հետաքրքիր բեմադրությամբ այդ երգը ներկայացրել է Մարտի 9-ին Կրեմլում կայացած համերգին, և Ապրիլի 7-ին այն կցուցադրվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ։ «Պաչի-պուչին» ներառված է նաև տարբեր հավաքածուներում և ապրիլի 7-ին լույս կտեսնի։ Մեկ այլ պատճառ էլ կա, որի համար որոշվեց այս երգի հիման վրա տեսահոլովակ չնկարահանել. գրվել է շատ գեղեցիկ նոր երգ, որն այժմ գործիքավորման փուլում է։ Տեսահոլովակը կլինի այդ երգի հիման վրա»,- ասաց Արտյոմը։ Երգի մասին մանրամասներ հայտնել երգիչն առայժմ չի ուզում, միայն կարող ենք ասել, որ այն իր համար շատ նուրբ թեմայով է։
Արտյոմը նշեց նաև, որ ակտիվ աշխատանքների մեջ են, վերջերս են վերադարձել եվրոպական շրջագայությունից։ «Միանշանակ կլինեն նոր երգեր ու տեսահոլովակներ, սակայն չենք ցանկանում բացել բոլոր փակագծերը»,- եզրափակեց նա։

Ամալյա Հովհաննիսյան