Tert.am-ը գրում է.

Այսօր կառավարությունը որոշում կայացրեց Սուրբ Հարություն տոնին հաջորդող երկուշաբթին համարել ոչ աշխատանքային:

Զեկուցող՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, թե ինչու է խոսքը վերաբերում միայն Զատկին հաջորդող օրվան և ոչ մյուս բոլոր տաղավար տոներին հաջորդող մեռելոցներին:

«Բանն այն է, որ հասարակությունում կան տարբեր կարծիքներ, կան խմբեր, որոնք աջակցում են այս որոշմանը, սակայն կան նաև նրանք, ովքեր համարում են, թե տնտեսական զարգացման այս պայմաններում դա  խաթարում է տնտեսական ակտիվությանը։ Հատկապես դեմ են  խոշոր ձեռնարկատիրությունները, որոնց աշխատանքը  կապ ունի այլ երկրների հետ ունեցած աշխատանքի հետ»,-ասաց նա և նշեց, որ այս հարցը շատ ավելի  լուրջ ուսումնասիրություն է  պահանջում, և վարչապետը հանձնարարել է Հայ առաքելական եկեղեցու հետ  համատեղ կատարել ուսումնասիրություն, որպեսզի հիմնավորված որոշում կայացնեն:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ավելացրեց նաև, որ քանի որ ԵՏՄ երկրներում շաբաթ և կիրակի օրերը ոչ աշխատանքային են, ապա Հայաստանում երկուշաբթին ոչ աշխատանքային դարձնելը՝  շաբաթ օրով փոխարինելը, արդյունավետության  առումով դրական չի լինի: Նա  նշեց, որ իրենք ևս կարծիք են հայտնել, թե այս տնտեսական լարվածության պայմաններում  դա կխաթարի աշխատանքը:

Կառավարությունը խոսք տրամադրեց նաև Արշակ Սրբազանին: 

Հիշեցնելով, որ կան հինգ տաղավար տոներ՝ նա անդրադարձավ 2008 թվականին ընդունված կառավարության որոշմանը, ըստ որի՝ տաղավար տոներին հաջորդ աշխատանքային օրերը վերաբաշխվել  են և մարդկանց հնարավորություն է տրվել մեռելոց օրերին այցելել գերեզմաններ:


«Ընդունում եմ, որ պետք է քննարկումներ անել»,-ասաց նա և նշեց, որ հասարակության որոշ քննադատությունները մեռելոցների դեմ հրահրված արշավ կարող է համարել:


Սրբազանն ասաց, որ Հայ առաքելական եկեղեցու հետևորդները կազմում են բնակչության 96 տոկոսը և կոչ արեց տալ այդ մարդկանց հնարավորություն մեռելոցներին այցելել գերեզմաններ:

«Ես նախագիծ չեմ ներկայացրել, բայց կոչ եմ անում այն ընդունել»,-հավելեց նա:

Վարչապետը նշեց, որ թեև քննարկումներ կլինեն, սակայն չի կարծում, որ պաշտոնյաներից որևէ մեկը կխոչընդոտի աշխատողներին այցելել գերեզման։

«Ես առաջարկում եմ՝ աշխատենք, փորձենք քննարկումներ անել՝ ընդգրկելով հասարակությանը: Կառավարությունը խնդիր չունի»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել