Հանրայինով Սևակին անդրադառնալու գաղափարը լավն է, բայց... Սևակն ինձ համար այն գրողն է, ում հետ ես աճել եմ որպես մարդ, ով ինձ բոլոր ասպարեզներում է օգնության հասել, ու որպես բանաստեղծի՝ նրա պրոպագանդմանը նվիրված ցանկացած նախաձեռնություն ինձ մեծապես ոգևորում է: Հանրային հեռուստաընկերությունը նման մի բան ձեռնարկել է, ու դրա մասին պատմող գովազդն ինձ ստիպեց այս անգամ չփոխել հեռուստաալիքը, բայց, ինչպես ասում են, կրկին չստացվեց: Սևակից երկու տող է կարդում հաղորդավարը, այդ երկու տողի մեջ էլ՝ սխալ.
Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ Հ1-ն ընտրել է Սևակի «Անլռելի Զանգակատունը», որն իսկապես ամենաընդգրկուն կերպով է ներկայացնում Ցեղասպանությունը տեսած մեր ժողովրդի տառապանքը: Ահա այս մասին պատմող գովազդում հաղորդավարն ընթերցում է պոեմից երկու տող՝ հրաշալի տեմբր, գեղեցիկ ասմունք, բայց ճշտություն չկա՝ «մշտահունչ Զանգակատուն» սևակյան արտահայտության մեջ «մշտահունչ» բառը փոխարինվել է «մշտաշունչ» բառով: Հասկացանք, որ հաղորդավարը գուցեև վրիպել է, բայց մեկ շաբաթ Հանրայինի «պանթեոնի աստվածային» լրագրողներից ու խմբագիրներից ոչ ոք չի՞ լսում այդ տեքստը, ողջ հանրայինում կա՞ մարդ, ով Սևակի այդ գործը կարդացել է, թե՞ նկատողներ եղել են, բայց հույսը դրել են ժողովրդի անուշադրության վրա... Դե մի տառ է էլի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել