Պարո՛ն Աշոտյան, խնդրում եմ, հրահանգեք Ձեր ենթականերին դադարեցնել Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ իրենց ակտիվությունը: Ես պարզապես ապշած եմ, թե ինչ խայտառակ անճաշակություն է տիրում ԿԳ նախարարությունում և դրան ենթակա հաստատություններում։
Համբերությանս բաժակը լցվեց, երբ տեսա երեխաներից ձևավորվող պատվո պահակախմբերը Ծիծեռնակաբերդում։ Ո՞ւմ եք ուզում ինչ ապացուցած լինեք, պարո՛ն Աշոտյան։ Դժվարանում եմ հավատալ, որ այս «փայլուն» նախաձեռնությունը Ձեզանից է եկել։ Այդ երեխաները մեղք չե՞ն, այս ի՞նչ միջնադարյան լուծումներ են Ձեր ենթակաները մոգոնում իրենց կարճ խելքով։
Ո՞վ է տեսել, որ Ցեղասպանության հուշակոթողի պես լուրջ կոթողում նման միջոցառում կազմակերպվի և այն էլ դպրոցական երեխաների կողմից։ Իմաստ տեսնո՞ւմ եք նման ակցիայի։ Ո՞ւմ համար է դա արվում։ Օտարի՞։ Օտարը շիվարած մտածելու է, թե էս ո՞ւր է ընկել, որ երեխաներին նման կերպով շահագործում են։ Երեխաների՞։ Երեխան մի հատ նման հերթապահությունից հետո կզզվի Ծիծեռնակաբերդի հավերժական կրակից էլ, հուշակոթողից էլ, Ցեղասպանության հարցից էլ։ Այդ դեպքում, ի՞նչ իմաստ ունի նման հիմարություններով նյարդայնացնել հանրությանը, այն էլ մի քանի շաբաթ շարունակ։
Ամենայն ազնվությամբ եմ ասում, ավելի լավ կլինի, որ կարգադրեք Ձեր ենթականերին կա՛մ առհասարակ դադարեցնել ցանկացած տիպի ակտիվություն Ցեղասպանության տարելիցի թեմայով, կա՛մ հանձնարարեք, որպեսզի դրանք խստորեն համաձայնեցվեն առնվազն Ձեզ հետ, թե չէ ինչքան քաղքենի դեմք կա, ջանասիրաբար լծվել է այս գործին, ու այդ պրոցեսը հիշեցնում է ապակեղենի տաղավար մտած փղի՝ ապականվում է ամեն ինչ։ Եվ առհասարակ, որտեղի՞ց Ձեր գերատեսչությունում, որը պատասխանատու է կրթության ու գիտության լուսավորչական ֆունկցիայի համար, այսքան խավարամտություն ու անճաշակություն։