Tert.am-ը գրում է.
Այսօր կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:
Նախագիծը ներկայացնող քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ նախագծի նպատակն է կառուցապատման ներդրումային դաշտը բարելավել, անհարկի գործառույթները կրճատել, և ներկայացվում է գլխավոր հատակագծերի հաստատման, առանձին դրույթների փոփոխման և մասնավորապես հողերի կատեգորիաների կամ նպատակային նշանակության փոփոխության կամ հողամասերի գործառնական նշանակության փոփոխությանը վերաբերող գործառույթները:
Նա նշեց, որ այս որոշումով զգալիորեն կրճատվում են այս գործառույթները, բարելավում է ներդրումային դաշտը և նաև անհարկի բոլոր կրկնությունները և ոչ նպատակահարմար գործառույթները վերացվում են: Նա հայտնեց, որ որոշումը քննարկվել և արվել է օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի հետ համատեղ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե քանի համայնքներում կան գլխավոր հատակագծեր, ինչին ի պատասխան նախարարը հայտնեց, որ
49 համայնքներից գլխավոր հատակագծեր ունեն 43-ը, իսկ գյուղական 866 համայնքներից՝ մոտավորապես 60-ը:
«Մինչ հիմա հատակագծի ցանկացած փոփոխություն արվում էր նույն պրոցեդուրաներով, ինչ-որ գլխավոր հատակագծի հաստատման համար էր արվում, ինչը շատ ծանր գործառույթ էր և ամիսներ էր տևում, հիմա մենք պարզեցրել ենք շատ»,-ասաց նա:
Վարչապետը նկատեց, որ գյուղական համայնքների մեծ մասը հնարավորություն չեն ունենալու վճարելու գլխավոր հատակագիծ ձեռք բերելու համար, թեև դա իրենց շահերից է բխում և ազատվում են իրենց նախագծերը տարբեր նախարարությունների կարծիքին ուղարկելուց:
«Հիմա տեսնում ենք, որ սայլը տեղից չի շարժվում օբյեկտիվ պատճառներով, որ համայնք կա տասը, քսան, կամ հինգ միլիոն բյուջե ունի և պարզ է, որ չի կարողանալու այդ գումարը տրամադրել գխավոր հատակագիծ ձեռք բերելու համար»,-ասաց նա և առաջարկեց այդ հարցը քննարկել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, ֆինանսների նախարարության հետ:
«Մտածեք, քննարկեք, մենք այս հարցում առաջընթաց չենք գրանցել և սպասելով՝ ոչ մի հաջողության չենք հասել»,-ասաց նա:
Նարեկ Սարգսյանը արձագանքեց, որ ռազմավարությունը լիարժեք ձևավորված է և շուտով քայլերը կանեն:



