Զոդում խոլերիայի վտանգ կա և մարդիկ պատրաստ են ծայրահեղ քայլերի դիմելPanorama.am-ը գրում է.

Արարատի մարզի Բանավան (Զոդ) համայնքի 8-րդ շենքի բնակիչների համար մաքուր օդը ճոխություն է դարձել: Շաբաթներ, ամիսներ, տարիներ շարունակ նրանք ստիպված են շնչել կոյուղատարից նկուղ լցվող կեղտաջրերի հոտը, որոնք երբեմն նույնիսկ տներ են լցվում, ողողում բակը:

Խողովակները հին են, խցանվում են, կոմունալ ծառայություն ահազանգած բնակիչներին նոր անակնկալ էր սպասվում: Ծառայության աշխատակիցները կոտրել են խողովակն ու գնացել: Կեղտաջրերով լեցուն նկուղից առաջին հարկում ապրողների կյանքն անտանելի է դարձել, հատակն ու պատերը խոնավ են, տունը՝ գարշահոտ:

«Զանգում ենք կոմունալ, ասում են, ֆինանս չկա, բա էլ ինչի՞ համար ենք ամսական կոմունալ վճարում, պարտաճանչ ու պարտադիր: Էս խոնավությունից հիվանդացել, մի քանի շաբաթ անկողին եմ ընկել: Ներվային ենք դարձել, ամեն օր ուր ասես զանգում ենք, արձագանք չկա, փոփոխություն չկա»,-Panorama.am-ին ասաց շենքի չորս մուտքերից մեկի առաջին հարկի բնակիչ,  միայնակ թոշակառու Ա. Հոխոյանը:

Նրա խոսքով, ստեղծված իրավիճակի ու պատասխանատուների անգործության հետևանքով ինքը որոշել է ծախել բնակարանը, հայտարարություն է տվել վաճառքի մասին: Դեռ արձագանք չկա, հույս էլ չկա, որ նման պայմաններում գտնվող շենքի բնակարանի համար գնորդ կգտնվի:

Մյուս բնակինչերն էլ բողոքում են, որ կեղտաջրերով լեցուն բակով չեն կարողանում խանութ գնալ, աղբը թափել:

«Չերեզ պատուհան ենք հաց առնում, մեկ էս կողմ ենք թռնում, մեկ էն կողմ, մինչև աղբը թափում ենք: Իրանք գալիս են, ավտոյով կանգնում հենց մուտքի աստիճանների մոտ, քթները փակում են, նայում են, թողում գնում, բա մենք ո՞նց ենք դիմանում, մեր երեխաները ո՞նց են դիմանում»,-բարկանում են բնակիչներն ու նշում, որ դուրս են գալու արդեն ճանապարհները փակելու:

Շենքի բնակիչները հիշում են կոմունիստների թվերը, երբ մի քանի պոմպ էր աշխատում ու նկուղում հավաքված ջուրը դուրս մղում: Իսկ հիմա գոնե մեկն էլ չի աշխատում:

Կոմունալ ծառայության ինժինիեր Արտյոմ Բալայանը Panorama.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ գործի բերումով շենք գնալիս հոտին չի դիմանում: Ասում է, ցուցակ են կազմել, թե ինչ է հարկավոր, ինչքան ֆինանսական միջոց է պետք, ցուցակը տվել են տնօրենին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել