Երեկ անդրադարձել էի օր օրի թափ հավաքող «անմոռուկացավին», որտեղ նաև խոսել էի դպրոցների ուսուցիչների և տնօրենների երևակայության հիվանդագին վայրիվերումների մասին։ Ենթադրում էի, որ նման մառազմատիկ դրսևորումները չէին կրում համակարգային բնույթ, այլ հանդիսանում էին մասնավոր նախաձեռնություն, սակայն պարզվեց, որ մեծ հավանականությամբ ես սխալվում էի...
Փաստորեն, ԿԳ նախարարությունում կամ էլ ավելի հիվանդագին երևակայություն ունեցողներ են նստած, կամ էլ Ցեղասպանության տարելիցի միջոցառումների պլանը մշակելիս լավ ծխած են եղել։ Այլ կերպ ես չեմ կարողանում մեկնաբանել ԿԳ նախարարության որոշումը՝ 23 օր շարունակ դպրոցական երեխաներին դասերի հաշվին բերել ու 10։00-18։00 հավերժական կրակի մոտ պատվո պահակ կանգնեցնել։
Տնաշեններ, դուք հո Հյուսիսային Կորեայում վերապատրաստություն չե՞ք անցել։ Իմաստը որն է նման անհեթեթության ու այդ անհեթեթությանը դպրոցականներ ներգրավելու։ Պատվո պահակ եք ուզում կանգնեցնել, դրա համար կա պատվո պահակախումբ, բայց էլի հարց է, թե ինչ իմաստ ունի միջոցառումներից 3 շաբաթ առաջ պատվո պահակախմբեր նշանակել հուշակոթողի վրա։ Եթե պատվո պահակախումբը խնդրահարույց է ներգրավել, ավելի լավ է էդ երեք շաբաթը նախարարության տասնյակ Zuma ու Սոլիտեր խաղացող պարապ չինովնիկներին ուղարկեք էդ գործին, բայց երեխաներին հանգիստ թողեք։
Ու խնդրում եմ, դադարեք «ցնցել» մեզ ձեր «կրեատիվ» լուծումներով, որովհետև փորձը ցույց է տալիս, որ անտաղանդ ու ստեղծարարությունից զուրկ գաղջ զանգվածը ճաշակ է թելադրում պետական հաստատություններում, այդ թվում նաև կրթական։