Օրը նվիրված է Տիրոջ Վերջին ընթրիքին: Եկեղեցիներում մատուցվում է Սբ Պատարագ` ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Սբ Հաղորդության խորհրդի հաստատման:
Երեկոյան կատարվում է Ոտնլվայի արարողություն: Ինչպես Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ ցուցաբերելով, լվանում է իր աշակերտների ոտքերը, այնպես էլ հայոց եկեղեցիներում հոգևորականները եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում և յուղով են օծում 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը:
Հինգշաբթի ուշ երեկոյան կատարվում է նաև «Խավարման կարգ» խորհրդավոր արարողությունը, որը վերաբերում է արդեն Ավագ ուրբաթի խորհրդին:
Եկեղեցիների խորանին դրվում են Քրիստոսին և Նրա աշակերտներին խորհրդանշող 13 մոմեր և Ավետարաններից ընթերցվում յոթ հատվածներ Քրիստոսի մատնության, դատապարտության, աշակերտների փախուստի, Պետրոսի ուրացման մասին: Ամեն ընթերցումից հետո հանգցվում են 12 աշակերտների մոմերից երկուսը և վերջում մնում է միայն Քրիստոսին խորհրդանշող մոմը. Տերը միայնակ էր մնացել: Հետևում է Ավագ շաբաթվա ամենախորհրդավոր պահը, երբ մարում են եկեղեցու բոլոր լույսերը և խավարի ու լռության մեջ հնչում է զղջման ու ապաշարության «Տէր, ողորմեա»-ն և «Ո՞ւր ես, մայր իմ» մեղեդին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել