Թվում է, թե հետխորհրդային 24-25 տարիների ընթացքում շատ բան է փոխվել մարդկային հարաբերություններում, կառավարման մեջ, ազատականության և ժողովրդավարության բնագավառում , կյանքում, կենցաղում և շատ այլ բնագավառ-ոլորտ-համակարգերում: Իհարկե փոխվել է, ի՞նչ խոսք: Կան դրական փոփոխություններ, կան և բացասականները, բայց ցավալիորեն կա նաև մի այլ բան: Դա շատ իրողությունների՝ հիմնականում բացասական երևույթների անփոփոխ մնալու գործոնն է, իսկ որոշ դեպքերում էլ ուղղակի նույն երևույթի գոյությունն արդեն ավելի մեծ ու միայն ձևերով տարբեր, բայց բնույթով ավելի ցինիկ ու ավելի սանձարձակ տեսք ստացած: Խոսքը հիմնականում վերաբերվում է կառավարման և իշխանավարման ժողովրդավարություն և թափանցիկություն, խոսքի և տնտեսական գործունեության ազատություն կոչված շղարշի տակ իրականացվող գործունեությանը, որ իր մեջ հավատարմորեն կրում է խորհրդային դարաշրջանին յուրահատուկ կնիքը՝ այս դեպքում ավելի լայն ու անվերահսկելի դարձած:
Կա՞ր հովանավորչություն, կոռուպցիա, կա նաև այսօր՝ ավելի կատարյալ մեխանիզմներով ու ձևերով:
Կա՞ր միակուսակցական համակարգ, այդ միակուսակցական համակարգն իշխանության իրականացման մեջ անթերի գործեց թե ՀՀՇ իշխանության տարիներին, թե ՀՀԿ-ի իշխանության այժմյան ժամանակներում՝ որոշ փոքր վերապահումներով: Դե հասկանալի է, ժամանակներն այլ են, պետք է ընդդիմություն էլ «ունենալ», պետք է դաշտում լինեն այլ կուսակցություններ էլ, կա արտաքին աշխարհ, կան միջազգային պայմանագրերին միանալու պահանջը և այլն, բայց, որպես կանոն, հիմնականում պահպանվել է միահեծան իշխանության գործոնը, իշխանական այս կամ այն կուսակցության հեգեմոն դերը՝ չնայած որոշ ժամանակ այն ձևականորեն բաժանված է եղել երկու, երեք, երբեմն էլ չորս կուսակցությունների մեջ՝ կոալիցիա կոչված բավականին մոդեռն կառուցվածքի ներքո:
Ինչ խոսք, խորհրդային հին ու բարի հիշողությունները բա հո չպիտի՞ մնային զուտ հիշողություններ, մյուս կողմից էլ կա երիտասարդ սերունդ, որը չունի այդ հիշողությունը, բա գործնականորեն չպե՞տք է նրանց ցույց տալ, թե ինչպիսի հոռի բարքեր են տիրել այդ ժամանակներում: